Ասում են` ՓՐԿՎԵԼ ԵՄ, երբ գտնվում էի ապրելու և մահվան սահմանագծում
2021-11-08 22:53:00
Ասում են` ՓՐԿՎԵԼ ԵՄ, երբ գտնվում էի ապրելու և մահվան սահմանագծում, երբ շուրջս մահն էր շրջում՝ համաճարակի ճանկերը խրած մարդկային բարի սրտերի մեջ... Ես և ինձ նման երևի թե միլիոնավորներ շնչելու օդ էինք խնդրում ուժահատ, շնչասպառ, թուլացած՝ ամեն օր մեր ունկերում լսելով մարդկային անուններ, ովքեր, ցավոք, մեզ հետ չեն այլևս...Ու այսօր էլ շարունակվում է այդ ահավորը, որ մարդկային կյանքեր է խլում, բարի երազանքներ կործանում...
Երբ դուստրս մի օր իր թևը ցույց տվեց ինձ ու մտերմիկ ասաց, որ թևանցուկ անեմ իրեն, որ կարողանամ կանգնել, այդ պահին մոռացա, որ կարող է վտանգավոր լինել անգամ իմ հպումն իրեն, բայց ես չգիտեմ, «եսասե՞ր» գտնվեցի, թե՞ ապրելու ձգտումն ինձ մոռացնել տվեց, որ վտանգում եմ հարազատիս կյանքը, ու հպվեցի նրան և այդպես էլ շարունակվեցին օրեր, շաբաթներ...Ու մի օր, երբ թոռնիկս, ում արգելված էր ինձ մոտենալ, վտանգեց իրեն, թե ե՞րբ եմ ես քեզ ամուր գրկելու ու մոտեցավ ձեռքերով շոշափեց ինձ, թե տե՛ս, ես հպվում եմ քեզ, չեմ վախենում, ինչ լինում է, թող լինի... Այդ ժամանակ ես հասկացա, որ մարդածին այս արհեստական վիրուսն ահավոր է այնքան, որ հեռացնում է անգամ հարազատներին, ովքեր պատրաստ են գնալ նույնիսկ զոհաբերության... Ու սկսեցի սարսափել արդեն ոչ իմ կյանքի համար, որ ուղեկցվում էին միայն Աստծուն տեսանելի իմ անթաքույց արցունքներով, այլև բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը վտանգելով՝ իմ փրկությանն էին նվիրվել...
Այդ օրերին ինձ լսելի էին բազմաթիվ բարի կամեցողների խոսքեր, բայց չգիտեի՝ ես հեռանու՞մ էի նրանցից, թե՞...Ես այն միլիոնավորներից մեկն էի, ում շնչելու օդը չէր հերիքում, ում ականջներում վշշացող ջրվեժի ձայներին միախառնված էին մարդկային անհանգիստ ապրումներ, որ որպիսություն էին հարցնում մահացող թե ապրելու երազանք ունեցող մարդու մասին։ Ես զգում էի, որ այս համաճարակը վայրկյաններով է մարդուն տանում ծերության, նույն վայրկյաններով էլ մարդ կորցնում իր քաշը, և անկենդան դեմքին որքա՜ն արագ է կրճատվում կյանք տանող ճանապարհը...
Այս օրերին վերականգնվում եմ, շնորհակալությունս բոլոր նրանց, ովքեր ինձ ապրեցրին, բայց ցավալին է արձանագրվում, երբ այսօր էլ շարունակվում է այդ չարիքը, երբ չարացած ու շահամոլ աշխարհը որոգայթներ է լարում խաղաղ ապրելու երազանք ունեցող մարդկության դեմ...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1128 անգամ