Մի՞թե այս գրքի հեղինակը Հայաստանի վարչապետն է
2021-07-22 11:14:00
Սկիզբը իմ էջի նախորդ գրառումներում (Նատաշա Պողոսյան)։ 
Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը կարդացի երբեմն՝ լարված, երբեմն՝ զայրույթով, երբեմն՝ ամոթահար, երբեմն զարմացած... Ու այսպես շարունակաբար փոփոխվող զգացողություններով: Նկարագրություններ կան, բառերի գործածություններ, քարանում ես, մի՞թե այս գրքի հեղինակը Հայաստանի վարչապետն է: Իր համար շատ ավելի լավ կլիներ 2008-ին գրքային նյութերի հոդվածների տպագրությամբ սահմանափակվեր ու չհրատարակեր այն իր վարչապետության ժամանակ: Բայց մեզ համար տեսանելի է դառնում լրագրողի մասնագիտությամբ ընդհատակում գտնվող մի գրքային կերպար, ով ինչքան ազատության է ձգտում, նույնքան էլ ազատ է իր գործածած արտահայտություններում: Երբեմն նա դիմում է ընթերցողին. «Որպեսզի ընթերցողը հասկանա սովորական մարմնավաճառի և էլիզի տարբերությունը, պետք է պատկերացնի մանրածախ ու մեծածախ առևտրի տարբերությունը»: 
Հայ ընթերցողներին ինչու՞ պիտի հետաքրքրի մարմնավաճառների տարբերությունը: Բայց չէ՞ որ այդ ընթերցողը կարող է դպրոցական լինի, երբ չի նշվում գիրքն ընթերցելու տարիքային սահմանափակում...Այդ կերպարը մտովի նավարկում է, պարզվում է՝ նավում մարմնավաճառներ կան: Մեջբերեմ. «Հաճախորդը զանգահարում է, ապա և գնում է մի ընդունարան, որտեղ նրան են ներկայանում ութ կամ տասը մարմնավաճառուհիներ, ավելի ճիշտ՝ նրանք, ովքեր այդ պահին ազատ են, ու նրանք գնում են նավախուց, մարմնավաճառուհիներից յուրաքանչյուրն ունի իր նավախուցը, որտեղ ապրում և ընդունում է իր հաճախորդներին...»:
 Գրքի ենթավերնագրերից մեկը՝ «Սեռական ակտի փոխարժեքը»: Ի՞նչ է սովորեցնում այս գիրքը մեկընդմեջ նման մտքերի շարադրանքով: Գրական կերպարներից մեկի խոսքով. «Տղամարդիկ այսպես թե այնպես վճարում են յուրաքանչյուր սեռական ակտի դիմաց, անկախ այն բանից, թե ում հետ են իրականացնում այդ ակտը՝ սեփական կանա՞նց, սիրուհիների՞, թե՞ մարմնավաճառների հետ»: Բավականին գեղարվեստորեն շարադրված նկարագրություններ կան գրքում, բայց դրանք խամրում են նույնքան շատ անբարո բառերի գործածության կողքին: 
Հաջորդիվ այդ գրքում կիմանանք նաև մեր գլխին կախված պատերազմի ու պարտության մասին, որ հնչեցնում էր գլխավոր կերպարը։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 5754 անգամ