Պողպատյա մանդա՞տ, թե՝ ՔՊ-ական նույն անճոռնի ձեռագիրը. Ռոբերտ Մարգարյան
2021-07-11 00:16:00
Մասնավորապես Սյունիքի որոշ համայնքների ղեկավարների դեմ իշխանությունների հետընտրական շրջանի ռեպրեսիաները կարող են առաջին հայացքից «Պողպատյա մանդատ»-ն ի գործ դրվելու նշան համարվել: 
Մինչդեռ համեմատական եզրեր անցկացնելով ուղղակի մեկ տարի առաջ հենց այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ ցանկացած տրամաբանող մարդ կարող է այդտեղ ակնհայտորեն նկատել ՔՊ-ական նույն կեղտոտ ու անճոռնի ձեռագիրը:
Նրանից հետո երբ անցած տարվա հունիսին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց կառավարության հրաժարականի մասին իր պահանջը միանգամից արխիվներից հանվեցին 1970-ական թվականներին վերաբերող բռնաբարության գործի նյութերը, Ծառուկյանի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվեցին հայտնի «ղազագրերը», հետո՝ ընտրակաշառքի թեման, հետո՝ հարկերից խուսափելու թեման, հետո՝ Ծառուկյանի կալանավորումը...:
Դժվար է հասկանալ, որ այդ ամենի հիմքում ոչ թե արդարության վերականգնում էր (ինչը մինչև այսօր հենց այդպես էլ չի չվերականգնվել ու ընդհանրապես ով է հիշում ինչ եղան այդ գործերի ճակատագիրը) այլ հիշյալ գործերը «Դամոկլյան սուրի» նման կախված պահել ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի գլխին, ցանկացած ժամանակ օգտվել այդ արժեքավոր լծակից կորզելով անհրաժեշտ համագործակցությունն ու միևնույն ժամանակ զբաղվել «պատգամավորաորսությամբ», վկան Սերգեյ Բագրատյանը:
Նույն տրամաբանությամբ այսօր՝ նոր ԱԺ-ի հնարավոր ձևավորման սեմին, թիրախում գլխավոր ընդդիմադիր ուժ «Հայաստան» դաշինքն է:
Շատ պարզ է որ «Հայաստան» դաշինքի անդամ ՀՅԴ-ին կպնել չի կարելի: Նախ այդտեղ հնարավոր չի լինի բացահայտելու արժանի նոր բան գտնել (եթե լիներ արդեն երկու տարի իշխանություններն այդ հարցում «անգործության» մատնված չէին լինի) ու հետո ՀՅԴ-ն միայն Հայաստանի քաղաքացի նրա անդամները չեն: Դա նաև ներկայացնում է ամբողջ սփյուռքն իր տարբեր կառույցներով: Հետևաբար այս պահին թիրախում դաշինքի մյուս անդամ «Վերածնվող Հայաստան»-ն է: Իսկ նպատակը նույն ձեռագրով գրված նույն ծանոթ սցենարը:
Հարուցել հնարավորինս շատ քրեական կեղծ գործեր ու հետո դրանք սուրի նման կախված պահել հիշյալ կուսակցության գլխին հույս ունենալով հարմար պահին դրանք որպես լծակ օգտագործել «Հայաստան» դաշինքի պառակտման համար: Միևնույն ժամանակ ԱԺ-ում խիստ թույլ մեծամասնություն ունեցող ՔՊ-ին այս պահին օդից ու ջրից ավելի շատ հարկավոր է նման կեղտոտ ու անբարոյական մեթոդներով «պատգամավորաորսությունը»:
Ոչ մի կասկած, որ իշխանություններն իրենց հլու-հնազանդ իրավապահ ուժերի ու դատական համակարգի օգնությամբ շարունակելու են աշխատել նույն ծանոթ ձեռագրով:
Իսկ այդ անճոռնի ձեռագիրը մաքրելու, նաև քաղաքական այս անբորայականությանը վերջ տալու համար կա միայն մեկ ազդեցիկ միջոց:
Սկզբունքայնությունը և համախմբումը մեկ գերնպատակի շուրջ՝ «առանց նիկոլի ու նիկոլիզմի Հայաստան»:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 30119 անգամ