Մի ընտանիքից երկու հոգի պատգամավոր.«Ժողովուրդ»
2021-07-07 23:30:00
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նորընտիր ԱԺ իշխանական խմբակցությունում կան մարդիկ, որոնք հայտնվել են լուսանցքից դուրս ու տեղյակ չեն, թե իրենց ինչ ճակատագիր է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական խմբակցությունում այս օրերին թեժ քննարկվում է դեռեւս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ապագայի հարցը:
Բանն այն է, որ ԱԺ նախագահի աթոռը հանձնվելու է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Միրզոյանին, կարծես թե, Փաշինյանն այդպես էլ իր հավատարիմը չընկալեց: Նրան ո՛չ օրենսդիրում են տեսնում, ո՛չ գործադիրում: Միրզոյանը կա՛մ պետք է համակերպվի պատգամավորական մանդատ ունեցողի իր կարգավիճակի հետ, կա՛մ երկրից դուրս որեւէ պաշտոն զբաղեցնի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Միրզոյանը եւս տեղյակ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում իրեն. լուռ սպասում է:
Բանն այն է, որ Միրզոյանը դավաճանի խարան ունի իր վրա. ԱԱԾ գործակալ լինելու մասին հայտնի փաստաթուղթը, որ հրապարակեց Միքայել Մինասյանը, Միրզոյանի քաղաքական կարիերայի վրա լուրջ ազդեցություն թողեց: Նույն անորոշ վիճակում է նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որին խմբակցությունում դեմ են կրկին տեսնել փոխնախագահի կարգավիճակում: Բացի այդ, Լ. Նազարյանի ամուսինը` Նարեկ Բաբայանը, որը անակնկալ ազատվել էր Անշարժ գույքի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, ՔՊ նախընտրական ցուցակի 71-րդ համարն է ու պատգամավոր է դարձել:
Այսինքն՝ Նազարյանի ընտանիքից երկու հոգով պատգամավոր են դարձել, ինչը թիմում չի ընդունվում: Նրանցից մեկին կստիպեն հրաժարվել պատգամավորական մանդատից: Անհասկանալի ճակատագիր է սպասվում նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին: Նրան էլ չեն ցանկանում խմբակցության քարտուղարի պաշտոնը տալ. Սիմիդյանը ՔՊ նախընտրական ցուցակի 74-րդ համարն է, եւ չի բացառվում՝ նրան էլ ստիպեն վայր դնել մանդատը:
Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանը նրան որեւէ պաշտոն չի խոստանում, եւ օդում կախված է մնացել խմբակցության քարտուղարի ճակատագիրը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Այս նյութը դիտել են - 3830 անգամ