Մեր ազգային կարևորագույն ինստիտուտը քանդելու օտարերկրյա դավադիր պլանն իրականացնելու մեջ Արթուր Վանեցյանն ունեցել է գլխավոր դեր. Արա Գրիգորյան
2021-07-02 19:06:00
Վերջին օրերին որոշ շրջանակներ, հատկապես առանձին անձանց շահերը սպասարկող կամակատարներ, թիրախավորել են ինձ և գաղափարակից ընկերներիս` փորձելով ներկայացնել մեր լուսավորչական գործունեությունը որպես ընդդիմադիր դաշտի պառակտում, անհատների դեմ իրականացվող գործողություն և այլն: 
Վերջին անգամ հստակ հայտարարում եմ՝
իմ նախաձեռնած շարժումը վեր է քաղաքական և անձնական շահերից։ Շարժման նպատակը ոչ թե Մանվել Գրիգորյան անհատի, այլ ազգային հերոսի ինստիտուտի պաշտպանությունն է, որի հիմքերը քանդելու սկիզբը տրվել է հենց վերջինիս վարկաբեկման աշխարհաքաղաքական կարևորության դավադիր օպերացիայով:
Ավելին, իմ նախաձեռնած շարժումը վեր է մեկ անհատի կամ անհատների անձնական թիրախավորումից: Այո՛, մեր ազգային կարևորագույն ինստիտուտը քանդելու օտարերկրյա դավադիր պլանն իրականացնելու մեջ Արթուր Վանեցյանն ունեցել է գլխավոր դեր: Այնուամենայնիվ, «տուշոնկա» շոուի հասցրած հարվածը չափից դուրս ծանր ու ավերիչ էր մեր հասարակության համար, որպեսզի ես իմ անձնական ընտանիքի ողբերգության դարդին մնամ միայն: Ուստի չեմ դիտարկում այն որպես Արթուր Վանեցյանի՝ միայն Մանվել Գրիգորյանի դեմ ուղղված անհատական հանցավոր քայլ, այլ որպես ճակատագրական ու գրեթե անուղղելի սխալ՝ ուղղված պետականության և ազգային անվտանգության դեմ:
Այո՛, Արցախի հերոս գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացված «տուշոնկա» շոուն անուղղելի սխալ էր, որով հիմք դրվեց ազգային հերոսների, գեներալիտետի, ազգային ինստիտուտների արժեզրկմանը, ինչն էլ անխուսափելիորեն հանգեցրեց բանակի բարոյալքմանը։
Այդ շոուն էր, որ թույլ տվեց հարցականի տակ դնել բոլոր Արցախի հերոսներին, մեր ազգի բոլոր հերոսներին, ներառյալ երկրորդ և երրորդ նախագահներին: Սա էր այն օվերտոնի պատուհանը, որով հասարակության գիտակցության մեջ ներմուծվեցին բազմապիսի սուտ ասեկոսեներ բոլոր արժանավորների մասին՝ վերջնականապես քանդելով մեր ազգային արժեհամակարգը, հանգեցնելով մեր հայրենիքի, անձամբ Մանվել Գրիգորյանի կողմից ազատագրված մեր հայրենիքի կորստին...
Այսպիսով, վերահաստատում եմ մեր պայքարի վերանձնային, վերքաղաքական բնույթը և հայտարարում, որ մեր լուսավորչական ակցիաները կրում են ոչ թե մեղադրելու կամ կշտամբելու նպատակ, այլ հանդիսանում են մեր խարխլված ազգային ինստիտուտները վերականգնելու փորձ:
Վստահ ենք, որ մեր ակցիաների նշանակետի տակ գտնվող բոլոր անձանց մենք մեծ լավություն ենք անում` մատնանշելով ապաշխարելու ուղին: Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են մեր պայքարը շահարկել՝ իրենց տերերին հաճոյանալու համար, փաստացի կապիտուլյանտ դավաճանի՝ բանակը կազմաքանդող, բարոյալքող գործունեության սատարողներ են, իմացյալ թե ոչ:
#Ոչինչ_եւ_Ոչ_Ոք_Չի_Մոռացվելու #Բոլորը
Արա Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 2338 անգամ