Ապօրինի խաղատուն Քասախում.ոստիկանության բացահայտումը
2021-06-07 13:20:00

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի առանձնատներից մեկում գործում է ապօրինի խաղատուն։

Մի խումբ անձինք, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության լիցենզիայի, 2019 թվականից վարձու խաղավարների միջոցով առանձնատանը կազմակերպել են կենդանի «պոկեր» տեսակի շահումով խաղեր, որոնց շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրի շահումից 5 տոկոսի չափով գանձումներ կատարելով՝ ապօրինի խաղեր կազմակերպողները ստացել են շահույթ և չեն վճարել գործունեության համար սահմանված պետական տուրքը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։
Հունիսի 3-ին ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 20 անձի, կատարել են զննություններ, հայտնաբերել խաղատնային պարագաներ, որոնք առգրավվել են։ Բերման ենթարկված անձանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։

 Փաստի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:

Այս նյութը դիտել են - 15116 անգամ