Հիմա ո՞ր մեկին հավատանք...
2016-02-17 13:03:00

Վերջին շրջանում Հայաստանի զինված ուժերի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներն ու հատկապես պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաճախ են խոսում այդ համակարգում կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի և դրա գերազանց արդյունքների մասին:

Չկա մի խորհրդակցություն, նիստ, ասուլիս, որտեղ չխոսվի այդ մասին: Սովորաբար օգտագործվում է միևնույն տեքստը: Նշվում է, թե անցած տարիների ընթացքում գների և շուկայի ուսումնասիրության շնորհիվ լուրջ հաջողություններ են արձանագրվել գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազման և զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ: Հետո ասում են, որ զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման արդյունքում են կոռուպցիոն դեպքերը շարունակաբար նվազում: Իսկ ընդհանրապես հայտնվում է որևէ ուսադիրավոր և զեկույց է հնչեցնում այս բովանդակությամբ. «Պաշտպանության նախարարությունում բավականին երկար ժամանակ է, ինչ ինտենսիվ աշխատանք է կատարվում կոռուպցիոն երևույթների վերացման դեմ: Նախարար Սեյրան Օհանյանի և նրա թիմի հետևողական աշխատանքի արդյունքում այդ գործընթացն առավել ինստիտուտցիոնալ բնույթ է ստանում: Անզեն աչքով անգամ արդյունքներն ակնհայտ են։

Օրինակ, մարդկային ռեսուրսների կառավարման և մասնավորապես՝ կադրային նշանակումների ու առաջխաղացման, ինչպես նաև զորակոչի ոլորտներում: Վերջին տարիներին իրավապահ և վերահսկողական մարմինների աշխատանքների ինտենսիվացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարը զգալի համակարգային արդյունքներ տալիս է», ու շարունակությունը՝ նույն ոգով:


Բայց արի ու տես, որ կան մարդիկ և կազմակերպություններ, ովքեր այդ փառապանծ նվաճումների մասին չեն լսել: Օրինակ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, որն իրականացրել է Հայաստանի պաշտպանության համակարգի կոռուպցիոն ռիսկերի գնահատում: Այստեղ այնքան են անտեղյակ Սեյրան Օհանյանի ձեռքբերումներից, որ վերցրել ու մեր երկիրը ընդգրկել են D խմբում, ինչը համապատասխանում է պաշտպանության և անվտանգության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկերի առկայությանը: «Ռիսկերի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են ֆինանսական գործողությունների և գնումների ոլորտներում` համապատասխանելով E խմբի չափանիշներին, որոնք բնութագրվում են շատ բարձր կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ»,- ասված է հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդագրությունում։


Ու հիմա անհասկանալի է մնում, թե այս երկուսից ո՞ր մեկն է փաստերը խեղաթյուրում: Եթե հակակոռուպցիոն կենտրոնը ճիշտ չի ասում, պետք է հասկանալ, թե նրանք ինչո՞ւ են այդպես վարվում: Իսկ եթե Սեյրան Օհանյանն է պատկերը գունազարդում, այդ դեպքում լիովին հասկանալի է, թե նախարարի նպատակը որն է:

Այս նյութը դիտել են - 1179 անգամ