Առերեսվեցինք քարացած աշխարհի անտարբերությանը, տեսանք մեր գլխին թափվող արգելված զինատեսակներ
2021-02-13 07:09:00
Տասնօրյա բացակայությունից հետո այստեղ եմ, բայց ինձ թվում է՝ շատ երկար եմ բացակայել: Հաղթահարելով մեկ այլ փորձություն՝ նորից ոտքի վրա եմ...Ու նպատակս է՝ շարունակել «Պատերազմական օրագիրը»՝ այն հասցնելով ավարտին: 
Երբ հետադարձ հայացք եմ ձգում վերջին ամիսներին, մտածումներս ինձ տանում են շատ ավելի մեծ փորձության, թե ինչպե՞ս ենք դիմանում այն անարդարությանը, որին առերեսվեցինք... 
Եվ հիմա ո՞վ ենք մենք, աշխարհի հայացքի առջև՝ «ագրեսո՞ր», երբ վայրագ թշնամու սանձազերծած ուխտադրուժ պատերազմով անցանք, երբ մեր տներից քնաթաթախ դուրս եկանք, բռնեցինք փրկության ճանապարհը, բայց, ցավոք, ամբողջ Արցախում փրկության հույս չկար:
Անարդար էր, որ թշնամին մեր խաղաղ օջախներն էր ավերում, հավատքի տուն մեր եկեղեցիները, երբ փրկվելու ճանապարհն էր ռմբակոծում, այն ծննդարանը, որտեղ հայ մանուկն էր լույս աշխարհ գալիս, այն հիվանդանոցը, որտեղ վիրավորներ էին ապաքինվում...Առերեսվեցինք քարացած աշխարհի անտարբերությանը, տեսանք մեր գլխին թափվող արգելված զինատեսակներ, իմացանք մեր մի կտոր Արցախի հանդեպ գերտերությունների անչափ մեծ հետաքրքրության մասին, որ շահադիտական էր այս նյութամոլ աշխարհում: Առերեսվեցինք անարդարության, երբ դավաճանվեց մեր հայրենիքը, հանձնվեց այն քաղցրացած հողի մի մեծ կտոր, որի վրա բազում հայորդիների արյուն թափվեց... Անմահացան ու հաշմանդամ դարձան, և քանի~-քանիսն անհայտության մատնվեցին, ու դեռ քանիսն անօրեն թշնամուն գերի ընկան...
Ինչպե՞ս կարելի է ազգային արմատներին կառչած, իր ինքնությանը նվիրված ազատատենչ մի ժողովրդի «ագրեսոր» կոչել, երբ մենք էլ իրավունք ունենք այս երկնքի տակ խաղաղ ու անհոգ ապրելու... Հուսանք՝ ռուս խաղաղապահներն էլ հասկացած կլինեն, որ շրջափակման մեջ մի բուռ խաղաղասեր ժողովրդի բորենիներից են փրկում:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2108 անգամ