Վահան Շիրխանյանի կնոջ վրաերթը նախապես պլանավորվա՞ծ է եղել. ի՞նչ է թաքցնում քննչական կոմիտեն...
2016-02-16 10:11:00

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կնոջ՝ Պուրուճ Շիրխանյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Նա դեռևս Վերակենդանացման բաժանմունքում է: 

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Մաշտոցի պողոտայում «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջը, ինչի հետևանքով վերջինս բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, նրա մոտ ախտորոշվել է արյան զեղում: Դեպքից անմիջապես հետո ակտիվորեն շրջանառվեց վրաերթի միտումնավոր լինելու վարկածը: Իսկ սա բացատրվեց Վահան Շիրխանյանի՝ առանձնապես ծանր մեղադրանքով կալանավորված լինելու հանգամանքով:

Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կալանավորվել է նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին: Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ:
Մեղադրանքի, Շիրխանյանի կալանքի ժամկետը ևս երկու մասով երկարաձգելու հանգամանքները և սրանց հաջորդած վրաերթի դեպքը հանրությունը պատահականություն կամ պարզապես զուգադիպություն չի համարում:

Մարդիկ վստահ են՝ վրաերթը նախապես պլանավորված է եղել և արվել է միտումնավոր: Այս վարկածին ի պատասխան` թեև, Շիրխանյանի որդին՝ Գեորգի Շիրխանյանը նշել է. «Ընթացքը ցույց կտա»:

Ինչևէ, ArmLur.am-ը փորձեց հասկանալ՝ ով է վրաերթի ենթարկող վարորդը: Մինչ այս պահը մեզ հաջողվեց պարզել միայն, որ վարորդը Երևանի բնակիչ Անդրանիկ Ալեքսանյանն է:
ArmLur.am-ը հետևողական կլինի՝ պարզելու նրա հետ կապված մանրամասներ: Եվ մինչ հանրությունն ուզում է իմանալ վրաերթի բոլոր հանգամանքներն ու իրական մանրամասները՝ իրավապահ մարմինները, մասնավորապես քննչական կոմիտեն, որտեղ քննվում է գործը, լռում են:
Վարկածը հերքելու կամ գոնե սեփական նախնական վարկածն առաջ քաշելու փոխարեն` հայտարարվում է միայն, որ վրաերթ իսկապես տեղի է ունեցել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: 
Արդյոք վրաերթը հանրապետությունում ամեն օր տեղի ունեցող սովորական դարձած պատահարներից հերթականն է, թե` ոչ, դժվար է ասել: Մնում է սպասել օբյեկտիվ քննության արդյունքներին: Բայց կբացահայտվի՞ արդյոք…

Armlur.am
Այս նյութը դիտել են - 1315 անգամ