ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԷԻՆՔ ԱՆՎԵՐՋԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
2021-01-14 09:31:00
11-րդ ա դասարանի աշակերտուհի Մելինե Գալստյանի տողերը որքան ցավոտ, նույնքան լավատեսական են, չնայած ամեն օր Մարտակերտում վախով են քնում ու արթնանում:
«Կյանքում չէի կարող պատկերացնել, որ այսպիսի ցավ կզգամ։ Մի ակնթարթում փլուզվեց ամեն ինչ։ Կրկին ստիպված եղանք դուրս գալ մեր հայրենիքից, որի ամեն մի քարի տեղը անգիր գիտեի։ Արցախցիներիս համար այդպես էլ չբացվեց սեպտեմբերի 27-ը, ու դեռ աչքներս չբացած՝ ընկանք ցավոտ երազի մեջ, որն անդառնալի դարձավ մեզ համար։ Խելագարվել կարելի էր, այդ երեխաների լացը մինչև հիմա ականջներումս է։ Թողեցինք տուն ու տեղ, լքեցինք մեր հայրենիքը։ Գնում էինք, բայց չգիտեինք ուր...Ավտոշարասյան ծայրը չէր երևում, ու մեզ ընդառաջ գալիս էին հայ մարտիկները։ Նրանց մեջ այդ որքա՞ն ուժ կար, որ գիտեին ինչ է կատարվում ու ժպտալով գնում էին մահվան ընդառաջ։ Իսկ մենք գնում էինք անվերջի ճանապարհով...
Գնացինք Հայաստան, չնայած ջերմ ընդունելությանն ու անծանոթ մարդկանց բարեհամբույր վերաբերմունքին, ամեն ինչ օտար էր թվում։ Հայրիկիս հետ օրերով չէինք կարողանում կապվել, լարված իրավիճակ էր, հեռուստատեսությամբ մեր զոհերի անուններն էին հրապարակում, ամեն մեկս մի անկյունում կուչ էինք գալիս ու թաքուն աղոթում...
Ու մի գիշեր լսվեց այդ խայտառակ պարտության պայմանագրի լուրը։ Մեր ցավը կրկնապատկվեց։ Կորցրած տղերքի արյան գնով պաշտպանած հայրենիքը նույնպես կորցրինք։ Նոյեմբերի 17-ին վերադարձանք: Ամեն ինչ ավերված էր, բայց Մարտակերտս էլի հզոր կանգնած էր։ Գնալով հարմարվում ենք իրականությանը, կամաց-կամաց ընկնում ենք հունի մեջ։ Ճիշտ է, էլի վախով ենք քնում ու արթնանում, բայց կարծում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 960 անգամ