Իմքայլական Եղոյանն ինչ-որ լոլոներ է մոգոնում ու լապշա կախում անհետ կորածների ու գերիների ծնողների ականջներից
2021-01-13 04:46:00
Նիկոլ Փաշինյանի տապալված այցը՝ Մոսկվա շարունակում է լայն քննարկման հարց լինել հայաստանյան ամենալայն շրջանակներում:
Չնայած Փաշինյանի ակնհայտ ֆիասկոյին՝ բանից պարզվում է, որ դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են Մոսկվայում կայացած խայտառակ բանակցությունները որպես համազգային ձեռքբերում որակել:
Իսկ թե ովքեր են փորձում սրբագրել Փաշինյանի տապալումը, դժվար չէ կռահել. դրանք մարդիկ են, որոնց՝ կյանքում ինքնակայացման խնդրի լուծման հարցում անշրջելի հետք է թողել 2018-ի հեղափոխությունը, մարդ դարձրել:
Նրանցից մեկն՝ իմքայլական Արման Եղոյանն, օրինակ, շտապելով «ջրել» գերիների թեման, որ այդպես էլ լուծում չստացավ եռակողմ հանդիպման արդյունքում, հայտարարել է. «Եռակողմ բանակցությունները 3.5 ժամ են տևել, և տրամաբանական է, որ քննարկվել են նաև այլ թեմաներ, այդ թվում՝ գերիների հարցը: Կարծում եմ՝ միջազգային ճնշման միջոցով մեզ կհաջողվի ռազմագերիների հարցում ունենալ շոշափելի արդյունք»: Ի դեպ՝ լրագրողի հետ զրույցից ակնհայտորեն հոգեբանական դիսկոմֆորտի մեջ հայտնված Եղոյանը նաև հայտարարել էր, թե բանակցությունների արդյունքում Հայաստանը ստանալու է նույնքան, որքան Ադրբեջանը՝ պարետետային սկզբունքով՝ նկատի ունենալով, թերևս, «չերեզ Նախիջևան Մոսկվա» մեկնելու տարբերակը, որ իբր ընձեռվելու է հայկական կողմին՝ Նախիջևան-մայրցամաքային Ադրբեջան ուղիղ կապ տրամադրելու արդյունքում:
Փաստը, որ գերիների հարցը չի հաջողվել կարգավորել տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, խոստովանել է հենց ինքը՝ Փաշինյանը՝ Պուտինի ու Ալիևի ներկայությամբ, և սա՝ այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, նախքան Մոսկվա ուղևորվելը Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել, որում առանձնակի կերպով շեշտել էր իր մոսկովյան օրակարգի հիմնական հարցը՝ գերիների խնդրի լուծումը:
Հիմա Փաշինյանն ու իր քաղաքական թիմը փաստացի կանգնած են «կոտրած տաշտակի» առաջ, բայց ամենաանհասկանալին ու գուցե նողկալին այն է, որ փոխարենը սեփական ձախողումը խոստովանելու ու դրանից հետևություններ անելու, նույն իմքայլական Եղոյանն ինչ-որ լոլոներ է մոգոնում ու լապշա կախում անհետ կորածների ու գերիների այն ծնողների ականջներից, ովքեր արդեն մի քանի ամիս է՝ թողնված են բախտի քմահաճույքին:
Ի՞նչ միջազգային ճնշման մասին է խոսում Եղոյանը՝ իմքայլական ոճով մոլորության մեջ գցելով ժողովրդին: Եթե «միջազգային ճնշում» ասվածն իրական լիներ, գործուն միջոց լիներ,ապա այսօր Ադրբեջանը պետք է առնվազը դատվեր՝ ասենք պատերազմի ընթացքում արգելված ֆոսֆորային զենք կիրառելու համար: Մեկը ձայն հանո՞ւմ է: Ոչ մի ձայն, կարծես ամեն բան հենց այդպես էլ պետք է լիներ: Չնայած միգուցե դատվեր, եթե Հայաստանի ղեկավարն, ինչպես ասում են, ճակատ ունենար, գրեր, գնար:
Առավել քան ակնհայտ է, որ եղոյանները, «կրուտիտներ» մոգոնելով, ընդամենը փորձում են Նիկոլին ապացուցել սեփական գոյության ոչ իմաստազուրկ լինելը՝ ջանալով չկորցնել բարձր պարգևավճարներ ստանալու իրենց հնարավորությունը: Մի պարագայում, երբ «Իմ քայլում» օրեցօր ահագնանում են ճամպրուկային տրամադրություններն, Եղոյանն ու նրա նմանները փորձում են շոյել հաճոյախոսություններից հոգեբանական կախվածության մեջ հայտնված Նիկոլ Փաշինյանին ու հույս տալ, թե ամեն ինչ լավ է լինելու, «դուխո՛վ»:
Մյուս կողմից՝ ցավով պետք է խոստովանել, որ «միջազգային հանրություն կոչվածի հնարավորույթունները մեզանում գրեթե միշտ էլ գերագնահատված են եղել՝ նկատի ունենալով ոչ միայն ներկա իրավիճակն, այլև հայոց՝ առնվազը վերջին մի քանի դարերի պատմությունը՝ ասենք 18-րդ դարից սկսած:
Ավելին՝ սխալված չենք լինի, եթե ասենք, որ հենց այդ «միջազգային ճնշմանն» ապավինելու մեր սովորությունն է պատճառը, որ Հայաստանն այսօր պարփակվել է օրեցոր նվազող 29000 քառ. կիլոմետրի սահմաններում:
«Եղունգ ունես՝ գլուխդ քորիր»՝ ահա այն միակ ճշմարտությունը, որ հավերժ բնորոշ է եղել ու է միջազգային հարաբերություններին, մեծ քաղաքականությանը: Ահա սա է, որ ոմանք դեռ չեն սերտել ու երևի չեն էլ սերտի՝ նկատի ունենալով Նիկոլի եղունգով սեփական գլուխը քորելու իմքայլականների փիս սովորությունը, որի արդյունքում կործանվում են բոլորը, Հայաստանն էլ՝ հետը:
Այս նյութը դիտել են - 1550 անգամ