16 ՕՐ ՄՆԱՑԵԼ ԵՄ ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ...
2021-01-11 21:01:00
Մենք տեսանք պատերազմի դաժան դեմքը, բայց պատժվե՞ց անօրեն թշնամին...Ապաքինվելուց հետո արդեն դպրոց է հաճախում թշնամու ռմբակոծությունից վիրավորված 8-րդ բ դասարանի աշակերտ Ռոբերտ Գևորգյանը, ով կորցրել է նաև աջ ձեռքի երկու մատը ծայրահեղ ծանր վիճակում։
«Վայրագ թշնամին անգամ խաղաղ բնակիչներին էր թիրախավորել։ Մտածում էի՝ միայն փրկվենք, շուտ հասնենք գյուղ, սակայն պայթյունից հետո չգիտեմ ինչ եղավ։ Երբ աչքերս բացեցի, շուրջս բոլորն անծանոթ էին, տեսա հոգատար ու բարի բժիշկների... Այդ պահին ինձ հարազատ մի ձեռք էր անընդհատ շոյում, ես զգում էի, որ մայրս էր։ Ուզում էի խոսել մորս հետ, ուզում էի հարցնել՝ ինչու՞ չեմ կարողանում շարժվել, ինչու՞ այսքան շատ վերքեր ունեմ, այս ի՞նչ սարքեր են միացված...Բայց մորս ձեռքն էլ վիրակապով կապված տեսա, դեմքին վերքեր կային: Կոկորդս խեղդվում էր, չէի կարողանում ոչինչ ասել...Ինձ գուրգուրող և փայփայող ձեռքն էլ վիրավոր էր... 
Բարի ու հոգատար բժիշկների շնորհիվ օրեցօր ապաքինվեցի, նաև իմացա, որ վերքերս խորն են եղել, կորցրել եմ աջ ձեռքիս երկու մատը։ Քիչ-քիչ սկսեցի ուտել, խոսել, քայլել, սակայն երկար ժամանակ տևեց մինչև ոտքի կանգնելս։ Իմ կյանքը փրկելու համար երախտապարտ եմ Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի բժիշկներին։ Նրանց շնորհիվ սեպտեմբերի 27-ի առավոտից հետո ես արթնացա հոկտեմբերի 13-ին։ Իսկ ինչու՞ հայտնվեցինք այդ վիճակում: Ես չեմ հիշում, ուղղակի մորս պատմելով իմացա, որ այդպես էլ պատերազմի առաջին օրը մենք չհասանք Վաղուհաս գյուղը, ճանապարհին ԱԹՍ-ի ռմբակոծության հետևանքով մեքենան հայտնվել էր ձորում, իսկ մենք բոլորս վիրավորվել էինք։ Միայն իմ վիճակն էր ծայրահեղ ծանր...
Մեզ ձորից հանեցին բարի մարդիկ ու տեղափոխեցին Գետավան, այնտեղից՝ Ստեփանակերտ, իսկ հետո՝ Երևան։ 16 օր անգիտակից վիճակում մնալուց հետո ուշքի եկա, բուժումս շարունակվեց երկու ամիս։ Այդ ընթացքում, երբ արդեն վիճակս կայուն էր, ինձ վերակենդանացման սենյակից տեղափոխեցին հիվանդասենյակ, կողքիս մի վիրավոր տղա էլ կար Վարդենիսից, ով նույնպես վիրավորվել էր անօդաչու սարքի ռմբակոծումից։
Հիվանդանոցում ամեն օր ես ու մայրս հետևում էինք լուրերին, իսկ երբ հայրս Արցախից խոսում էր, սիրտս հանգստանում էր։ Եկավ նոյեմբերի 10-ը, առավոտյան իմացա զինադադարի մասին, մի քիչ շունչ քաշեցի, սակայն իմանալով խայտառակ պայմանագրի մասին՝ շատ վշտացա։ Մի՞թե հայ զինվորների սխրանքներից հետո հնարավոր է հայրենիքը նվիրել թշնամուն։ Մի՞թե հնարավոր է թշնամուն տալ այն բնակավայրերը, որոնք չի գրավել... Ես չէի կարող երկար մնալ Երևանում, ինձ կանչում էր Մարտակերտը...Եվ տխուր եմ, որ այսքան կորստից ու այսքան պայքարից հետո ունեցանք պարտված, մասնատված ու փոքր հայրենիք։ Ես դեռ անելիք ունեմ, պետք է ապրեմ ու արարեմ այստեղ, իմ տունը, իմ հայրենիքը Արցախն է»։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1043 անգամ