Հայաստանում վաղուց ոչ ոք ոչինչ չի մտածում, իսկ մտածողն ու գործողն էլ միայն մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը...
2021-01-08 13:22:00
Միամիտնենրին կարող էր թվալ, թե Հայաստանի Կառավարությունում տեղի ունեցած փոխատեղումների ու նոր նշանակումների արդյունքում գոնե ինչ-որ կերպ հնարավոր կարող էր դառնալ երկրում առաջացած խորքային, տոտալ ճգնաժամի պայմաններում լույս նշմարել թունելի վերջում, ուղղել պետության մեջքն ու առաջ շարժվել: Կառավարության կազմի վերաթարմացման ողջ փիլիսոփայության հիմքում պետք է որ դա ընկած լիներ՝ դատելով առնվազը նիկոլփաշինյանական հայտարարությունների ու ֆեյսբուքյան տեքստերի հիմքում ընկած «դեկլարացիաներից»:
Բայց արի ու տես, որ բանը ադրբեջանիցների հետ ազատ առևտուր անելու մասին ոմանց երազանքից այն կողմ չի անցնում, և դեռ ավելին՝ շուտով Հայաստանի բնակչության էթնիկ կազմում կարող են կտրուկ փոփոխություններ արձանագրվել: Նորանշանակ ԱԳ նախարարի թեթև ձեռամբ Հայաստանը բացել է սեփական դարպասները Ադրբեջանի քաղաքացիների համար, ինչը նշանակում է, որ ադրբեջանցիներն, ինչպես, ասենք, ռուսները կամ ֆրանսիացիներն, իրավունք են ստանալու փոխադարձության սկզբունքով Հայաստան մուտք գործել առանց վիզայի՝ ներքին անձնագրերով:
Այսպիսով՝ ուղիղ սպառնալիքի տակ է հայտնվելու Հայաստանի ազգային անվտանգության ողջ համակարգը, քանի որ առանց վիզա ռեժիմ է սահմանվում մի երկրի հետ,որի ղեկավարն այս էլ որերորդ անգամ պատերազմի ավարտից հետո մատ է թափ տալիս Հայաստանի վրա ու սպառնալիքներ հնչեցնում՝ արգելելով առնվազը հայ պաշտոնյաների մուտքն Արցախ առանց իր պետության հատուկ թույլատրության:
Առանց վիզա ռեժիմ է սահմանվում նրանց հետ, ովքեր ընդամենը մի երկու ամիս առաջ «Բայրաքթարների» ճարակ էին դարձնում հայ զինվորներին, ովքեր այսօր էլ՝ պատերազմի ավարտից ամիսներ հետո, շարունակում են խոշտանգել ու մորթել հայ գերիներին տեսախցիկների առաջ ու հրճվել:
Ավելին՝ Բաքուն հայտարարում է, որ պատերազմից հետո գերի ընկածներին ինքը դիտարկում է՝ ռազմական հանցագործներ, ովքեր ենթակա են պատժի (ի դեպ՝ հայկական կողմն այդպես էլ մինչև վերջ չի հստակեցնում, թե կոնկրետ որքան գերի, զոհ ու անհետ կորած ունի Հայաստանը պատերազմի արդյունքում՝ դա համարելով՝ «պետական գաղտնիք»):
Ո՞վ կարող է բացատրել ԱԳՆ-ի քայլի իմաստն, երբ մի կողմից պատերազմը չի ավարտվել, այլ ընդամենը հաստատվել է անորոշ զինադադար, որի պայմաններում Հայաստանը շարունակում է իր սուվերեն տարածքից տերիտորիաներ զիջել թշնամուն, մյուս կողմից Բաքուն շարունակում է խորացնել երկու ժողովուրդների միջև առկա թշնամանքը հնարավոր բոլոր միջոցներով: Հայատյացություն է քարոզվում ամենաբարձր մակարդակով, դպրոցական դասագրքերում, մամուլում և հասարակական կյանքի ոլորտում հայերի դեմ աննահանջ ատելություն է քարոզվում, հայտարարվում է, թե Սևանը, Զանգեզուրն ու Երևանը ադրբեջանական պատմական հողեր են...
Ազգային անվտանգության մասին ո՞վ պետք է հոգ տանի: Արդյոք նորհայաստանյան չինովնիկները պատկացնո՞ւմ են, թե ինչպիսի անհաղթահարելի խնդիրների առաջ կարող է կանգնել ողջ համակարգը: Հասկանո՞ւմ են, թե շատ կարճ ժամանակամիջոցում թշնամին ինչպիսի լրտեսական ցանց կարող է ստեղծել Հայատսանում, ու թե ինչպես այդ ամենը կարող է պայթել հենց Երևանի կենտրոնում: Նորանշանակ ԱԳ նախարարը խորհրդակցե՞լ է անվտանգության մարմինների հետ նման որոշում կայացնելիս, ի՞նչ է մտածում այս ուղղությամբ ԱԱԾ-ն, թե՞ Հայաստանում վաղուց ոչ ոք ոչինչ չի մտածում, իսկ մտածողն ու գործողն էլ միայն մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը...
Ի դեպ՝ հետաքրքիր կլիներ պարզել, թե գաղափարն առաջին անգամ կոնկրետ ո՞վ է երկնել, առանց վիզայի Հայաստան այցելության գաղափարը ծնվել է Բաքվո՞ւմ, թե՞ ասենք Menu.am-ի տիրոջ գանգուղեղում, ով, ինչպես հայտնի է, արդեն մի քանի շաբաթ է՝ իրեն նախարար է զգում՝ ձեռքի հետ էլ ինչ-որ երազանքներ փայփայում, ասենք, ազերիների հետ ազատ առևտրի մասին: Հայաստանի Կառավարությունում ակնհայտորեն կան այնպիսիք, ովքեր ուղղակի փափագում են այն օրն, երբ, ասենք, Կասկադի սրճարաններում ազերի «կարդաշների» հետ մի-մի բաժակ ադրբեջանական թեյ կվայելեն թրքական մուղամի հոգետանջ ելևէջների ներքո ու ինչ-որ «բիզնես ծրագրեր» կքննարկեն՝ օրինակ՝ այն, թե ինչպես կարող է Menu.am-ը ադրբեջանի տարածքով պիցցա առաքել հյուսիս կամ «չերեզ Նախիջևան Մոսկվա ճախրել»՝ աննախադեպ թափ հաղորդելու հայաստանյան տնտեսությանը:
Երևում է՝ Մեհրիբան Ալիևայի հետ մուղամի ներքո «չայիպիծյան» մոտ է ու այն էլ հենց Երևանի սրտում...
Իսկական Հայ-ադրբեջանական «եղբայրություն». Էրիվան «bizimdir»....
Այս նյութը դիտել են - 1573 անգամ