Գագիկ Ծառուկյանը խոստումներ շռայլեց և դրանց համար հատուցեց լիուլի...
2016-02-16 00:19:00

Իր գահավիժումից ու վտարումից մեկ տարի անց «Բարգավաճ Հայաստանի» երբեմնի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին սեփական անձը մատուցեց հասարակությանը՝ փաստելու համար, թե ինչպես է քաղաքական չարիքը կարճ ժամանակում դառնում հլու-հնազանդ գործարար ու հարկատու: Այդ իրադարձությանը շուք հաղորդելու համար նա հրավիրել էր 100-ից ավելի օտարերկրացի ու հայ գործարարների: Ու երբ բոլորը համակ ուշադրություն էին, Ծառուկյանը մի անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ: Նա ասաց, որ այսուհետ պատրաստ է առանց տոկոսի փող տրամադրել մանր ու միջին բիզնեսով զբաղվող հայրենական արտադրողներին` զարգացնելու սեփական բիզնեսն ու արտահանելու սեփական արտադրանքը:


Եթե այդ խոստումն իսկապես կյանքի կոչվի, դա աննախադեպ երևույթ կլինի հայկական իրականության մեջ: Բավական է միայն հիշել, թե մեր երկրում գործող բանկերն ինչպիսի անմարդկային տոկոսներով ու պայմաններով են վարկեր տրամադրում քաղաքացիներին, ապա պատկերացնել, թե ինչ բան է անտոկոս վարկը, և պարզ կդառնա, որ սա իսկապես նորություն է թե գործարար իմաստով, թե մտածողության տեսանկյունից:


Սակայն չշտապենք մեզ հանձնել մեծ ոգևորության ալիքներին, քանի որ ցանկությունն ու խոստումը մի բան են, դրա կենսագործումը՝ մեկ այլ բան: Քաղաքական դաշտում նման բան արդեն պատահել է, երբ Գագիկ Ծառուկյանը խոստումներ շռայլեց և դրանց համար հատուցեց լիուլի: Ֆինանսական դաշտում նույն պատկերը ևս կարող է կրկնվել: Բոլոր նրանք, ովքեր իրենց բանկերից ահռելի շահույթներ են ստանում, Ծառուկյանի այս քայլում կարող են տեսնել իրենց սպառնացող լուրջ ու մեծ վտանգ: Եվ այդ ժամանակ բոլորովին չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանն այս անգամ էլ հայտարարվի չարիք տնտեսական ու բիզնես դաշտում և արժանանա նույն ճակատագրին, ինչին արժանացավ նախորդ տարվա փետրվարին:

 

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 1510 անգամ