«Հրապարակ».Տգետ ու անհանդուրժող մարդիկ են երկու տարի խանգարել մեր մտավորականին, լրագրողին, գիտնականին՝ կանխել մեր պետության գլխին կախված վտանգները
2020-12-02 21:44:00
«Հրապարակ».Բոլորը հանկարծ լեզու են առել, գրիչ են վերցրել, համարձակություն են ձեռք բերել եւ ամբողջ ուժով քննադատում են Նիկոլ Փաշինյանին։ Այնպես են քննադատում, որ մենք՝ ամբողջ երկուսուկես տարի նրա թույլ տված սխալներն ու գործած ավերածությունները քննադատողներս, քիչ է մնում պաշտպանենք նրան։ Պաշտպանենք նախեւառաջ այն բանի համար, որ անարդար է տեղի ունեցածի ողջ մեղքը մի մարդու վրա բարդելը, երբ այս կամ այն չափով բոլորս մասնակցել ենք դրան։
Մեկի մասնակցությունը մեծ է, ինչպես, օրինակ, կառավարության անդամներինը, որոնք երկուսուկես տարի անգործությամբ եւ տարբեր գործողություններով նպաստել են երկիրը քանդելու այս գործընթացին։ 
Մյուսի մասնակցությունն ավելի կրավորական է, որովհետեւ ընդամենը 2018-ի դեկտեմբերին քվեարկել է «Իմ քայլի» օգտին՝ 70 տոկոս քվե եւ լիարժեք լեգիտիմություն ապահովելով այս ուժի համար, որով, ի դեպ, նրանք մշտապես հպարտացել են եւ իրենց «սխրանքները» գործելիս հենց դրանով են առաջնորդվել։
Բայց ամենամեծ մասնակցությունը, ամենամեծ մեղքը, ըստ իս, այն անուղեղ քֆուրչիների, այն ֆեյսբուքյան պողոսների, այն ագրեսիվ տոտաների վրա է, որոնք ոչ միայն ամեն առիթով խրախուսել ու ողջունել են Փաշինյանին ու նրա բոլոր գործողությունները՝ անխտիր, այլեւ իրենց հայհոյանքներով ու զրպարտագրերով խանգարել են հասարակությանը՝ առողջ կարծիք հայտնել, քննադատել ու ուղղորդել իշխանությունների վարքագիծը։
Այս ագրեսիվ տգիտությունն է մեր բոլոր դժբախտությունների պատճառը։ Այս սեւ զանգվածը, այս տգետ ու անհանդուրժող մարդիկ են երկու տարի խանգարել մեր մտավորականին, լրագրողին, գիտնականին՝ կանխել մեր պետության գլխին կախված վտանգները, զգուշացնել դրանց մասին, զսպել անփորձ իշխանությունների եւ հղփացող պաշտոնյաների ախորժակն ու վարքը։
Այս նյութը դիտել են - 926 անգամ