Մենք շատ բան չգիտեինք, բայց իմացողներն ինչո՞ւ սին հայտարարություններով հաղթելու պատրանք ստեղծեցին, որ հետո սկուտեղի վրա մեզ մատուցեն կտոր_կտոր մասնատված մի հայրենիք
2020-11-18 21:51:00
Նոյեմբերի 19։ 
Հայոց պատմության ամոթալի էջերի ականատեսն ենք դարձել, մի պարտություն, որը ստվերի տակ դրեց հերոսական դրվագներ....
Մեզանից ո՞ր մեկը հասցրեց ճանաչել իր հերոս հայորդիներին, երբ պարտությունը շղարշի քողով ծածկեց նրանց սխրանքները...
Մեզանից շատերը նույնիսկ չհասցրինք սգալ մեր սուրբ նահատակներին, երբ ցավալիորեն զոհասեղանին դրվեց մեկ այլ նահատակ` բզկտված հայրենիքի պատկերով։
Մենք կորցրինք շատ ավելին, քան պատկերացնում էինք, և հասկացանք, որ ուժեղ դիվանագիտություն չունեինք, այլապես նման կործանարար պարտության չէինք մատնվի։
Մենք հասկացանք, որ ունենք հայրենիքի նվիրյալներ, բայց ոչ ամուր կառույց իր զինատեսակներով, որ կարողանար մեկուկես ամիս դիմադրել անօրեն թշնամիներին...
Մենք շատ բան չգիտեինք, բայց իմացողներն ինչո՞ւ սին հայտարարություններով հաղթելու պատրանք ստեղծեցին, որ հետո սկուտեղի վրա մեզ մատուցեն կտոր_կտոր մասնատված մի հայրենիք։
Պարզվում է` մեր իշխանությունները սիրում են մեզ անակնկալներ մատուցել, որի բացասական հնչողությունից մարդ ցնցվում է, ու անհետք չի մնում։
Այն ստորացուցիչ ստորագրությունից հետո մենք գիտեինք, որ Մարտակերտի շրջանի մի շարք գյուղեր անցնում են թշնամուն։ Բայց, ի զարմանք ինձ, լսեցի` իբր 90 տոկոսով հույս կա, որ այդ գյուղերը չեն հանձնվի։
Հետաքրքիր է, ու՞մ վրա էին հույս դրել...
Ու տարհանված գյուղերի բնակիչները հանգիստ շունչ քաշեցին, որ շուտով կվերադառնան իրենց տները։
Բայց ահա այս անգամ էլ հույսի պատրանք ստեղծողները երեկ ցնցող անակնկալ մատուցեցին այդ գյուղացիներին` առաջարկելով շուտափույթ ազատել գյուղերը...
Արդյո՞ք մեր ժողովուրդն այսքան ցնցումներից հետո պատրաստ է պետական այրերի սին հայտարարություններին զոհ գնալ...
Գուցե ժամանակի՞ն ասվեր, որ այդ գյուղերի բնակիչները հասցնեին տան ունեցվածք հանել, իրենց ապրուստի միջոց անասունները տեղափոխել, նաև հարց է, թե որտեղ, ինչով, ինչպես...
Իսկ գուցե դիտավորյա՞լ այս անգամ էլ ինքնախաբեության գնացին, ինչպես նախորդ օրերին, երբ հաղթելու պատրանք ստեղծեցին, վերջում պարտվեցինք։
Ո՞ւմ էր պետք այդ անլույս հույսը, որ այնքան կորստաբեր դարձավ։
Ես ցանկանում եմ ունենալ մեզ ուղղորդող այնպիսի հաստատուն իշխանավորներ, որ հավատամ նրանց, առավել ևս, երբ նպատակ ունեմ մեր անվտանգությունն ապահովելուց հետո վերադառնալ Մարտակերտ ու ապրել թշնամու հարևանությամբ...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1179 անգամ