Ամեն մեկը մի պատմություն է` արտասվախառն ու ցավագին, մի_մի ողբերգություն` գյուղական գերեզմանոցներին դաջված կսկծալից հայացքներով
2020-11-18 09:17:00
Նոյեմբերի 18։ 
Գյուղական այն դպրոցը, որտեղ սովորում էր թոռնիկս, այլևս մերը չի լինի, որը գտնվում է Մարտակերտից հազիվ հինգ կմ հեռավորության վրա։ Նարեկիս մայրիկը այդ դպրոցում է դասավանդում, հայրիկը գյուղական համայնքի ղեկավարն է, ով այս օրերին ձգտում է հավաքել համագյուղացիներին` իրենց տներում եղած ունեցվածքին տեր կանգնելու համար։ 
Նոր Կարմիրավան գյուղն է, որ հարակից այլ գյուղերով հանձնվում է թշնամուն։ ՆՈՐ բառը կցվել է այդ գյուղերի անուններին, երբ համանուն նախկին գյուղերը դեռևս Արցախյան պատերազմական օրերից հայտնվել են թշնամու ձեռքին։
Ստացվում է ի՞նչ։ Մենք հիմա ո՛չ նորի տերն ենք, ո՛չ հնի...
Բայց ինչպե՞ս ստացվեց, որ նույն գյուղերը, տարբեր տեղամասերում բնակեցված, երկու անգամ կորցրինք, տեսնես մի երրորդ անգամ Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Նոր Մարաղա, Նոր Այգեստան գյուղերին ինչ անուններ են տալու, իսկ գուցե այդ հրադադարը ստորագրելիս հիշեի՞ն, որ այդ գյուղերը վաղուց ենք կորցրել, գուցե սրանք փրկեին, որ քիչ թե շատ ապահովություն լիներ նաև Մարտակերտի համար։ Եվ մենք կորցրինք գյուղեր, որտեղով անցնում է մեզ Ստեփանակերտ տանող ճանապարհը...Հենց այս սահմանում տեղակայվող ռուս խաղաղապահներից է կախված լինելու մեր անվտանգությունը, որին էլ սպասում ենք, որ վերադառնանք մեր տները...
Բայց թե ինչպես են թողնում իրենց օջախները այս վերաբնակեցված գյուղերի բնակիչները, ամեն մեկը մի պատմություն է` արտասվախառն ու ցավագին, մի_մի ողբերգություն` գյուղական գերեզմանոցներին դաջված կսկծալից հայացքներով։ Իսկ ի՞նչ ասենք Տիգրանակերտի մասին, որ նույնպես հանձնվում է անօրեններին։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 826 անգամ