Գոնե մեկ ագամ Նիկոլ Փաշինյանն ականջալուր կլինի՞ Արմեն Սարգսյանին. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի այլընտրանքը.
2020-11-17 21:14:00
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական կացությունը շարունակում է գերլարված մնալ: Միֆը, թե արցախյան պատերազմն ու դրա՝ հայերիս համար անփառունակ ավարտը լիովին լիցքաթափել է տարածաշրջանը, բացարձակապես անհիմն է, և, դատելով ամենայնից, ամեն բան դեռ նոր է սկսվում:
Մասնավորապես այս օրերին անհանգստացնող տեղեկություններ են ստացվում այն մասին, որ հայ-թուրքական սահմանին ամրաշինական աշխատանքներ կատարելուն զուգահեռ Թուրքիան բավական մեծ զորք է կուտակում Իգդիրում՝ Հայաստանի հետ սահմանին: 
Մյուս կողմից՝ այդպես էլ մինչև վերջ չպարզաբանված է մնում խաղաղապահների կազմի հարցը: Եթե Մոսկվան բացառում է թուրքերի առկայությունն, ապա, օրինակ, Էրդողանը հայտարարում է թուրք խաղաղապահների անխուսփելի տեղակայման մասին այնտեղ, ուր կցանկանա Ադրբեջանը:Կարճ ասած՝ իրավիճակն ընդհանրապես անկանխատեսելի է մնում, և շուտով սեղանին կարող է հայտնվել ոչ թե արցախի գոյության-չգոյության խնդիրը, որը, փաստորեն, լուծվեց ոչ հայանպաստ կերպով, այլ՝ հայոց պետականության՝ առհասարակ:
Ահա Հայաստանի համար այս ծայրաստիճան վատ իրավիճակի ֆոնին է, որ օդից կախված է մնոմ Փաշինյանի կառավարության հրաժարականի հարցը, որը, ցավոք, դեռևս կարծես մնում է անլուծելի:
Փաշինյանի օրակարգում հրաժարականի հարց չկա, ինչի մասին խոսել է հենց ինքը՝ վարչապետն, ով, ի դեպ, ինչպես հայտնի է, իր պառլամենտական էքսցենտրկ ելույթում Շուշին համարել էր անպետք մոլախոտանոց՝ բորբոքելով նորանոր կրքեր: Միաժամանակ Փաշինյանի ելույթից ակնհայտ էր դարձել, որ իշխանությունները մտմտում են ու փորձում գտնել ռեաբիլիտացիոն ուղիներ, որոնցից մեկն էլ, օրինակ, կարող է դառնալ որոշ նախարարներից ձերբազատվելը: Նույն Զոհրաբ Մնացականյանն, ինչպես հայտնի է, արդեն իսկ հրաժարական է ներկայացրել, վաղն էլ կարող է մեկ ուրիշը գնալ այդ քայլին:
Անկախ այն բանից, սակայն, թե քանի նախարար ու փոխնախարար կլքի իր պաշտոնը կամ չի լքի, իշխանությունների փոփոխության հարցը չի կարող դուրս գալ համահայկական օրակարգից: Միևնույն ժամանակ չափազանց կարևոր է այն, թե ինչպես տեղի կունենա այդ իշխանափոխությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում կարևորել է իշխանությունների հեռացումը հատկապես սահմանադրական մեխանիզմների սահուն ընթացքի տեսանկյունից՝ ապահովելու ԱԺ արտահերթ ընտրություններ: Նախագահն, ըստ էության, խոստովանել է, որ ներկայիս իշխանություններն այլևս կորցրել են իրենց լեգիտիմությունը, ինչին, թերևս, համաձայն են բոլորը՝ գրեթե առանց բացառության:
Փաշինյանի համար ստեղծվել է մի իրավիճակ, երբ դիմադրության ցանկացած փորձ կարող է պայթեցնել երկիրը ներսից, իսկ ընդդիմախոսների նկատմամբ, ասենք, սառը զենքի գործադրմամբ հարձակումները ոչ թե լուծում, այլ խորացնում են այդ խնդիրը. իշխանությունները, գոնե հիմա փրկելու համար իրավիճակը, պետք է վեր կանգնեն սեփական կոմպլեքսներից ու վախերից՝ երկիրը քաղաքացիական պատերազմի անդունդը չգլորելու համար: «Ինքնապաշտպանությունը» կամ ջայլամային կեցվածք ընդունելը, փաստացի ոչինչ չավելացնելով իշխանությունների քաղաքական հաշվեկշռին, կարող են պարարտ հող նախապատրաստել թուրքական ներխուժման համար: Իսկ եթե այդ ներխուժումն, այնուամենայնիվ, անխուսափելի է, ապա դրան դիմակայողների շարքում չեն կարող լինել ներկայիս իշխանությունները, որոնք, փաստորեն, իրենց բաժին հասած քննությունն այդպես էլ չբռնեցին՝ խայտառակելով ողջ հայությանը:
Գոնե մեկ ագամ Նիկոլ Փաշինյանն ականջալուր կլինի՞ Արմեն Սարգսյանին…
Այս նյութը դիտել են - 1120 անգամ