«Սուտ մատնություն է». Արա Սաղաթելյանի վստահորդը հաղորդում է ներկայացրել դատախազություն. «Լուրեր»
2020-11-08 23:58:00
Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի վստահորդ Հակոբ Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ Տարոն Չախոյանի գրառմանը, որի մասով հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
«Սույն թվականի նոյեմբերի 7-ին ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանի կողմից իմ վստահորդ Արա Սաղաթելյանի վերաբերյալ կատարված ֆեյսբուքյան գրառումն առերևույթ պարունակում է սուտ մատնության հատկանիշներ:
Նշված փաստի առթիվ քրեական գործ հարուցելու և մեղավորներին քրեական պատասխանատության ենթարկելու պահանջով այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
Առաջիկա օրերին նույն անձի նկատմամբ ներկայացվելու է նաև զրպատության վերաբերյալ հայցադիմում:
Անզեն աչքով տեսանելի է, որ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից հրապարակված նամակագրության տեսանաձայնագրությունում պարունակվող տեղեկատվությունն առերևույթ կեղծ է: Այդ հանգամանքը հեշտությամբ կբացահայտվի համապատասխան փորձաքննության արդյունքում, ինչպես նաև կպարզվի այն պատրաստողների և տարածողների շրջանակը:
Նշված հակաիրավական գործողությունները կրկնակի դատապարտելի են, քանի որ կատարվել են այս վճռորոշ օրերին առաջնագծում կանգնած անձի նկատմամբ»,-գրել է Հակոբ Ենոքյանը:
Այս նյութը դիտել են - 1260 անգամ