Ոճրագործ ցեղը արնոտ ձեռքերը մեկնում է անգամ ծննդատանը
2020-10-28 11:44:00
Հոկտեմբերի 29։
Գիշերային խավար, լույսից զրկված, անհանգիստ վիճակ...
Սպասում, որ ճակատագիր կարող է վճռել, ու խոսքերի պակաս, որ ոճրագործ ցեղը արնոտ ձեռքերը մեկնում է անգամ ծննդատանը, ու միջազգային ատյաններում թղթի վրա սևացրած տողեր, որ երեխաների պաշտպանությանն է վերաբերում։
Զգում ենք շատ թե քիչ քնելու կարոտ, եթե անհարմարության զգացողություն չլինի, անգամ` նստած կամ ոտքի վրա։ Երևի թե այդ կարճատև նիրհելու կարոտը մոռանալու համար շատ դանդաղ շարում եմ այս տողերը։ Կողքիս մեղմ երաժշտություն եմ լսում, անակնկալի եմ գալիս, բայց այն ընդհատվում է մեզ հասնող դղրդոցների արձագանքների տակ։ Ընդհատում եմ գրառումս` հետո շարունակելու մտադրությամբ, երբ գիշերային օդային տագնապը մեզ ավելի է զգաստացնում։
... Հերթափոխի եկած զինվորականի դեմքը ծանոթ է թվում։ Նա ինձ հիշեցնում է, որ իրեն դասավանդել եմ։ Աղոտ ցանկանում եմ մտաբերել...Դա երեսունհինգ տարի առաջ էր...Ես լսում եմ նրան հպարտությամբ, երբ նորօրյա նրա զրույցը զուգահեռվում է դպրոցական օրերի հիշողությամբ, որ տանում է ինձ գիշերօթիկ այն դպրոցը, որտեղ անցել են սկսնակ մանկավարժիս օրերը։
Մոռանում եմ քնելու կարոտը, մոռանում եմ անլույս գիշերը, մոռանում եմ մեզ այցելող ռումբերի արձագանքները, երբ դիմացս նստած առնական զինվորականը մտաբերում է իր դպրոցական կյանքը, որտեղ մի դաս չսովորող չարաճճի աշակերտ կար, ով այսօր զենքը ձեռքին հայրենիք է պաշտպանում։
Մտովի խաղաղ օրերում եմ, զինվորական դարձած հայրենիքի պաշտպանների հետ, խոնարհումս բազմաթև է, գնահատանքս` բազմագույն։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1470 անգամ