Հայրենասիրությունը զինվորական հագուստով ու զենքով նկարվել, ցուցադրելը չէ
2020-10-28 00:43:00
Հոկտեմբերի 28։ 
Գիշերը հարաբերական խաղաղություն էր, իսկ լուսաբացին խուլ ձայներ էին լսվում հարակից տարածքներից։ 
Ողջունելի էր, որ ՀՀ վարչապետն իր ներսի անկումային տրամադրության ճգնաժամը հաղթահարեց ու երեկոյան ներկայացավ ոգեղեն ելույթով։ Նույնքան ողջունելի եմ համարում, որ հայ կանայք են զինվորագրվում հայրենիքին։
Երեկ նկատեցի, որ այդ սրբազան գործին տասներեք կանանցով առաջին տիկինը հայրենասիրության օրինակ է ուզում ցույց տալ։ Անցած օրերից հիշեցի մի դեպք, երբ պաշտոնավոր տղամարդուն բացատրել էին, որ անհամատեղելի է ամուսինների համատեղ աշխատանքը, պետք է նրանցից մեկի աշխատավայրը փոխել, իր պաշտոնի խաթեր այդ մարդը առաջնությունը տվեց կնոջը, ու վերջինս աշխատատեղը փոխեց։
Քաղաքական դաշտում չկամ, որ կանգնեմ հների և նորերի ընտրության առջև, բայց չեմ էլ կարողանում անտարբեր անցնել ավելորդ գովազդների կողքով, ցանկալի կլիներ միանգամից այդ կանանց տեսնել առաջնագծում ու խոնարհվել նրանց անուրանալի խիզախության առջև, այլապես ուզում եմ հիշեցնել, որ մինչ մարտի դաշտ մեկնելը մի քանի օր լինեն Արցախի որևէ բնակավայրի հրետակոծության տակ, որ իրենց հարմարեցնեն այն մահ սփռող ռումբերի խլացուցիչ թնդյուններին...
Ու մի խոսք էլ ավելացնեմ` հայրենասիրությունը զինվորական հագուստով ու զենքով նկարվել, ցուցադրելը չէ, զուսպ լինենք նման հարցերում։
Այս պահին էլ թնդյունների արձագանքն է լսվում, զգոն լինենք, սպասենք լավ լուրերի։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1660 անգամ