Որտե՞ղ են այդ ոչ հայանպաստ ռեֆորմի հեղինակները...
2020-10-22 23:33:00
Հոկտեմբերի 23։ 
Հանկարծակի ցնցումներ, որ երբեմն ուղեկցում են մեզ, երբ չենք կողմնորոշվում, թե որտեղից են լսվում այդ ահռելի թնդյունները։ Ու մտասևեռվում ենք դեպի մարտի դաշտը, թե ինչպիսի սարսափելի ճանապարհ են անցնում մեր զինվորները։
Հայացքիս տարողունակությունը քիչ է, ու այնտեղ տեսնում եմ առավել շատ մեր մատղաշ տղաներին, երբեմն չեմ էլ հավատում, որ այս հայրենական պատերազմում կշեռքի նժարներին են դրված հայրենիքն ու նրանց կյանքը։ Աշխարհով մեկ գոռալու ցանկության անկարողությունից խեղդվում ենք, երբ ազգի սերուցքն ենք կորցնում։ ժպիտներ ենք կորցնում, գունավոր երազներ։ Մայրերի ողբը հասնում է երկինք, բոլորիս հայացքներն ուղղված են Աստծուն...
Աշխարհին ասելու ոչինչ չունենք, երբ մարդկային գոյի պահպանման այս հզոր պայքարում հայի հզոր կամքին է առերեսվում մարդասպան ցեղը։
Տարիների բովում մերոնք հայացք են հառել եվրոպական կրթությանը, այս օրերին մեր սերունդը հուժկու հարված հասցրեց բոլոր նրանց, ովքեր եվրոպաներին են տեղ տվել, ովքեր, վերջերս աղավաղելով հայ գրականությունն ու հայոց պատմությունը, ցանկացան տեսնել մի սերունդ` իր արմատներից զրկված ու կամազուրկ։ Հայաստանյան կրթության պատասխանատուի խոսքը, թե այդ աղմուկն իրենց չի հետաքրքրում, միևնույն է, ռեֆորմն անցկացնելու են, երբևէ չեմ մոռացել այս օրերին, երբ ինքս էլ այդ աղմկողներից եմ եղել։
Որտե՞ղ են այդ ոչ հայանպաստ ռեֆորմի հեղինակները, նրանց ծափահարողները, թաքստոցներից դուրս գան, խոնարհվեն մեր զինվորների առջև, որ կարողացան այս պատերազմական օրերին փոշիացնել նրանց ռեֆորմները։ Ցանկանում էին սերնդի մոտ վերացնել թշնամու կերպարը, գրականությունից հեռացրել էին Մեծ եղեռնի մասին ծրագրային բոլոր նյութերը...
Աշխարհաքաղաքացի էին ուզում ձևավորել...
Այսուհետ մեր դպրոցական ծրագրերն ապականողները պետք է մոռանան իրենց վերամբարձ ճառերը և ի ցույց դնեն աշխարհի նոր քաղաքացուն մեր սերնդի` ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ կերպարով։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1513 անգամ