Դպրոցի զանգի կարոտն ունեմ, չնայած գիտեմ, թե ամեն անգամ ինչ ավերածություններ է գործելու մեր հոգում
2020-10-18 00:26:00
Հոկտեմբերի 18։ 
Հայտարարված զինադադար, որը լույսի շող է, բայց ոչ պատերազմի ավարտ։ 
Այս արյան ծարավ գիշատիչները չեն հանգստանա պարտվողի խայտառակ խարանով, այն էլ աշխարհի առջև, երբ ավերելու, բնաջնջելու իրենց մոլուցքը դեռ չեն հագեցրել։
Հակառակ շարունակվող մարտական գործողություններին` մեզ մոտ գիշերը հանգիստ էր, օրն էլ բացվեց խաղաղ ու լուսավոր սպասելիքներով։ Զգում ենք արդեն, որ մենակ չենք, բայց պատերազմի վերջնական ավարտի մասին խոսելը դեռ վաղ է, մենք էլ շատ ավելի զգույշ պիտի լինենք, չնայած մեր զգուշավորության սահմանը վաղուց անցել է, երբ անգամ հեռախոսի զանգից կամ որևէ ձայնից անակնկալի եկած՝ ցնցվում ենք...
Դպրոցի զանգի կարոտն ունեմ, չնայած գիտեմ, թե ամեն անգամ ինչ ավերածություններ է գործելու մեր հոգում։
Սպասենք լավ օրերի, թեպետ ցնցումներով, որ նոր կյանքի լուսաբաց է ավետելու։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1457 անգամ