21_րդ դարում արդեն 21 օր է, երբ մարդակերպ գազանն է երախը բացել` կուլ տալու ամենքին
2020-10-15 21:43:00
Հոկտեմբերի 16։ 
Երեկ գլխներիս փուլ եկավ մեզ մոտ հաստատված այն հարաբերական հանգիստ վիճակը, որ շատ ավելի վտանգավոր էր թվում։ Այն նույն ապրումներն ունեցանք, ինչ պատերազմի առաջին օրը, այնքան հանկարծակի, որ չհասցրինք նույնիսկ օդային տագնապ լսել...
Երբեմն ահռելի մի հարց հոգուս մեջ բարձրաձայնում է` աշխարհն անզո՞ր է, թե՞ մենք ենք շատ բարձր դասել նրան։ Իսկ գուցե, գերագնահատե՞լ ենք կամ շատ ավելի հավատացել հզորներին, որ թույլ չեն տա այդ դահիճներին՝ ոչնչացնելու մեր հինավուրց ազգին...Նոր աշխարհի ձևավորումը եթե սկսվել է դարերի մաքառումների ճանապարհ անցած ժողովրդի բնաջնջումից, ուրեմն մի մարդակուլ աշխարհ պիտի ձևավորվի, որի դեմ կյանքի ու մահվան կռիվ են մղում մեր խիզախ հայորդիները։
Աշխարհի փուլ գալուն կհավատայի, բայց ոչ այս ոճրագործների հանդեպ ունեցած աշխարհի տերերի զգուշությանը...
21_րդ դարում արդեն 21 օր է, ինչ հայը առավել շատ մեր մատղաշ տղաների տեսքով է աշխարհին հասկացնում զգուշավորության ամոթալի քողը քաշել երեսներից, երբ մարդակերպ գազանն է երախը բացել` կուլ տալու ամենքին։
Համբերությունը սպեղանի դարձնենք, նորովի դիմավորենք լուսաբացը, երբ մեզ մոտ հիմա խաղաղ է։
Նատաշա Պողոսյան
 
Այս նյութը դիտել են - 1464 անգամ