Արևմտյան բարեկեցիկ կյանքին սովոր երիտասարդները պատրա՞ստ են ամսական 500-1000 դոլարով հայրենիքում աշխատել. «Նոր հայրենադարձության» թաքուն վտանգները
2020-07-22 15:16:00
Հեղափոխությունից հետո հայաստանյան նոր իշխանությունները կառավարման ոլորտում ձեռնամուխ եղան որոշ նորարարարությունների, որոնցից մեկն էլ, ինչպես հայտնի է, Սփյուռքի նախարարության փոխարինումն էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակով:
Զարեհ Սինանյանի կողմից ղեկավարվող կառույցի առաջին ձեռնարկներից մեկն «իԳործ» կոչվող ծրագիրն է, որի նպատակն, ըստ էության, Սփյուռքի ներուժի ներգրավումն է հայրենիքի շենացման գործին: Ստեղծվում է հնարավորություն՝ Հայաստանի պետական կառավարման համակարգում Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ներուժը ներգրավելու, երբ դրսում փայլուն կրթություն ստացած մեր հայրնակիցները գալու են հայրենիք ու իրենց գիտելիքներն ու փորձառությունը ներդնեն Մայր Հայաստանում:
«Սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ «իԳործ» ծրագրի շրջանակներում կներգրավվեն ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներին: Ուրախ ենք նրանց Հայաստանում ընդունելու եւ իրենց փորձն ի բարօրություն մեր երկրի ծառայեցնելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից ներկայացնելով համապատասխան տեսանյութը:
Մեկ բան է Հայաստանն առանց Սփյուռքի,և բոլորովին այլ բան՝ Սփյուռքով:
Սա հայտնի ճշմարտություն է, և ոչ ոք չի կարող այս ճշմարտությունը վիճարկել: Այն, որ պետությունը բացում է իր դռները բազմաթիվ ուսյալ սփյուռքահայերի առաջ՝ նրանց հնարավորություն ընձեռելով նպաստել հայրենիքի զարգացմանն, իհարկե, հրաշալի է, սակայն ողջ խնդիրն այն է,որ որքան էլ ողջունելի լինի պետության այս կեցվածքն, այն չի կարող դառնալ ունիվերսալ դեղամիջոց՝ բժշկող երկրի բոլոր վերքերը: Պետական ապարատն ինքին պետք է դեռ կարողանա մարսել այս ամենը,դեռ պետք է հասկանալ, թե ո՞րն է լինելու եկվորների առավելությունն ասենք ոչ պակաս գրագետ տեղացիների նկատմամբ:
Հարցն այս իրականում որքան էլ կարող է հռետորական հնչել, սակայն փաստը մնում է փաստ, որ կադրային սովի մասին պարբերաբար հնչող հայտարարությունները, մեղմ ասած, շատ հաճախ կողմնակալ են և ոչ միշտ են արտահայտում իրականությունը:
Հայաստանի խնդիրը ոչ թե սակավ թվով կադրեր ունենալն է, այլ բանիմաց կադրերի՝ սեփական հայրենիքում իքնառեալիզացման հարցի չլուծված լինելը: Բացի այն, որ Հայաստանում բազմաթիվ են արևմտյան առաջատար բուհեր ավարտած, բայց երկրի ներսում լիովին չարժևովորված երիտասարդները, կան նաև տեղական բուհեր ավարտած հրաշալի կադրեր, որոնք շարունակում են անտեսված մնալ՝ ստիպված լինելով արտագաղթել: Ընդ որում՝ արտագաղթում են շատ հաճախ նաև ոչ միայն այն պատճառով, որ աշխատանք չեն գտնում, այլև՝ այն, որ նորմալ, նույնիսկ բավարար վարձատրություն չեն ստանում: Այս խնդրին բախվում են նաև նրանք, ովքեր արտասահմանյան բուհերն ավարտելուց հետո վերադարձել են Հայաստան, փորձել իրենց լուման ներդնել սեփական երկրի զարգացման գործում:
Արևմտյան բարեկեցիկ կյանքին սովոր երիտասարդները պատրա՞ստ են ամսական, ասենք, 500-1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով հայրենիքում աշխատել: Չէ՞ որ արտասահմանում այդ գումարը նրանք կարող են աշխատել ոչ թե մեկ ամսում, այլ ասենք 3-4 օրում: Պետությունը պատրա՞ստ է շատ ավելի բարձր վճարել դրսից ժամանածին, քան վճարում է ասենք ԵՊՀ ավարտած կադրին:
Բացի սա՝ կան նաև մեկ այլ խնդիր նույնպես. պետական կառավարման համակարգը լցնելով սփյուռքահայերով՝ իշխանությունները փաստացի փակում են դուռը ներսի կադրերի առաջ՝ առաջ բերելով սոցիալական խնդիրներ կոնկրետ շերտի համար: Որտե՞ղ են «մերժվածները» ինքնառեալիզացվելու, արդյոք չե՞ն արտագաղթի, թե՞ կնախընտրեն մնալ երկրում՝ համալրելով իշխանություններից դժգոհողների շարքերը՝ սրանից բխող նաև քաղաքական հետևանքներով:
Մեծ է վտանգը, որ «ունքը սարքելու փոխարեն աչքն են հանելու»: Պատերազմական դրության մեջ գտնվող երկրում աճող արտագաղթը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Բանակ զորակոչվող չենք ունենալու վաղը, ոչ էլ ազգաբնակչության քանակն է շատանալու, և սա՝ այն դեպքում, երբ թվում էր՝ հեղափոխությամբ այս խնդիրներն արդեն իսկ պետք է կարգավորված լինեին, այնինչ արտագաղթի ջրաղացին դեռ մի բան էլ ջուր է լցվում:
Մյուս կողմից՝ սփյուռքահայերի ներգրավման հարցը հարկ է դիտարկել նաև մեկ այլ տեսանկյունից: Նորամուծությունը կարող է պայմանավորված լինել նաև որոշակի այլ հանգամանքներով, և ենթադրելի է, որ Հայաստանի դռները կարող են բացվել ընտրողաբար, երբ հայրենիքում աշխատելու հնարավորություն կունենան գլխավորապես նրանք, որոնց թիկունքին ազդեցիկ մարդիկ կլինեն կանգնած՝ կուսակցականներ, գործարարներ և այլն: Հնարավոր է՝ նման կերպ իշխանությունների կողմից փորձ կարվի նաև համագործակցության եզրեր գտնել որոշ արտասահմանյան ֆոնդերի, ֆինանսական աղբյուրների հետ, ինչը հղի է կոռուպցիոն ռիսկերով:
Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև այն, որ ոչ միշտ է, որ դրսի էլիտար համալսարաններ ավարտածները հայրենիքում կարողանում են ապացուցել իրենց օգտակարությունը: Շատ հաճախ հենց այդ միջավայրից են դուրս գալիս հայրենադավ լրտեսներն ու «շպիոն օնիկներն», ովքեր, իրենց դրսի տերերի թելադրանքով, Հայաստանին վնաս են հասցնում, և առնվազը վերջին տասնամյակների փորձը մեզ հուշում է, որ նմանների պակաս հիմա էլ առանձնապես չի զգացվում երկրում: Եվ ուրեմն՝ ո՞րն է աշխատաշուկան հենց այսպես գերհագեցնելու բուն իմաստը:
Այս բոլոր հարցերի մասին պետք է մտորեն հատկապես հասարակության բանիմաց շերտերը, ոչ թե պողոսներն, այլ աշխարհընկալման հետ խնդիրներ չունեցող մարդիկ, բայց հատկապես իշխանություններն ու, մասնավորապես, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն, ով, երկար տարիներ ի վեր ապրելով դրսում, մաս կազմելով Սփյուռքին, անկասկած, գիտակցում է, որ ոչ մի սփյուռքահայ մի քանի հարյուր դոլար վարձատրության դիմաց չի թողնելու իր բարեկեցիկ կյանքն ու վերադառնա Հայաստան: Այդ գումարը ոչինչ է դրսում, այնինչ ներսում՝ Հայաստանում, 500-1000 դոլարով կարող ես ոչ բազմանդամ ընտանիքի առնվազը կենսական պահանջմուքները հոգալ, ապրել քիչ թե շատ նորմալ:
Ասել կուզի՝ սոցիալ-անվտանգային բաղադրիչն այս հարցում չափազանց մեծ է, և քայլ անելուց առաջ պետք է մի լավ կշռադատել ու հետո միայն տրվել «հայրենասիրական զգացմունքներին», եթե, իհարկե, հայրենասերներ առհասարակ մնացել են...
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 5056 անգամ