Իշխանությունը ժառանգեց կոռուպցիայի մեջ սերտաճած, բացառապես իր գրպանի բյուջեով մտահոգված, քաղաքացու խախտված իրավունքների վրա անտարբեր պետական ապարատ
2020-07-18 00:43:00
Այն, որ նախկին իշխանություններից գործող իշխանությունը ժառանգեց կոռուպցիայի մեջ սերտաճած, բացառապես իր գրպանի բյուջեով մտահոգված, քաղաքացու խախտված իրավունքների վրա անտարբեր պետական ապարատ, փաստում եմ որպես իրավապաշտպան, ում վարույթում նման գործերը բազմաթիվ են, բայց. այսօրվա իշխանությունն արդեն երկու տարվա գործառույթ է իրականացնում ՝ առանց էականորեն տարբերվելով նախորդներից:
Օրինակ 1. Նախկին իշխանության օրոք գիշերով խուզարկում շներով, ներխուժում են քաղաքացու բնակարան, ում երեխան այդ ժամանակ քառասուն օրեկան է լինում, խնամքին պատերազմի հաշմանդամ, անաշխատունակ հայր, հիվանդ մայր, ձերբակալում են, այնուհետև մեղադրում ծանր հանցագործության մեջ ու կալանավորում: Որոշ ժամանակ անց խափանում կալանքը փոխարինում են ստորագրությամբ, երկու տարի անց գործը կարճում են՝ հանցակազմի բացակայության հիմքով: Դրանից հետո մոռանում են արդարացվածի կարգավիճակ ունեցող քաղաքացուն, անգամ պաշտոնապես ներողություն չեն խնդրում, չեն հաշվում ու վճարում կրած վնասի հատուցումը: Վերջին մասն արդեն նոր Հայաստանում: Այս քաղաքացին, ով, անցնելով տվյալ քր.գործով, որն առանձին սոդոմ-գոմորյան մի պատմություն է, ունեզրկվում է, կորցնում այն տունը, որտեղ բնակվում էր, ապրում է տարբեր վայրերում ընտանիքի, երկու երեխաների, հաշմանդամ հոր, հիվանդ մոր, երկու ապագա զինվոր երեխաների հետ .... Շուրջ երկու տարի դատարաններում, պետական լիազոր մարմիններն ամեն ինչ արեցին, որպեսզի դատարանը վնասի հատուցումը տա հնարավորինս մինիմալ հաշվարկով այն դեպքում, երբ նույն պետական լիազոր մարմինը կարող էր հրավիրել իր քաղաքացուն, ներողություն խնդրեր, օգներ, որպեսզի պետ. պատվերի շրջանակում հետազոտվեր, հոգեբան տրամադրեր, հետո էլ հաշվարկեր իր հնարավորության սահմաններում վնասի չափ, իսկ քաղաքացին իրեն կզգար չօտարված հայրենի իշխանությունից: Ինչևիցե, դատարանի կողմից վնասը հաստատվելուց հետո, պետական լիազոր մարմինների կողմից եռաստիճան դատական համակարգով անցնելուց, դատական ակտն օրինական ուժ ստանալուց հետո պետական լիազոր մարմնի կողմից այն կամավոր չկատարելու հիմքով, գործը հանգրվանում է դահկ-ում, որից հետո հայրենի կառավարությունն իր իսկ կողմից ունեզրկած քաղաքացուն ոչ ավել, ոչ պակաս տալիս է բարաթ՝ մուրհակ, որտեղ գրում է, որ պետությունը պարտք է քաղաքացուն և այդ գումարը կտա մեկ տարի հետո: Այստեղ էականն այն չէ՝ դրա մասին գիտի Վարչապետը, թե՝ ոչ, ավելի վատ, եթե տեղյակ չէ կառավարության կողմից տարվող նման քաղաքականության մասին, որով օրինապաշտ քաղաքացին դառնում է օրենքով բոմժ: Ի գիտություն կառավարության՝ օրենքով բոմժերը կամ լքում են երկիրը կամ դառնում են հանցագործներ կամ էլ համալրում են պետության վզին նստող նպաստ ստացողների շարքերը:
Օրինակ երկրորդ. Նախկին իշխանության օրոք պետությունը հայտարարում է աճուրդ, վաճառում է հողակտորներ, մարդիկ մասնակցում են այդ աճուրդին, հաղթում են ներդրումներ անում, կառուցում, կառուցապատում, ընդ որում, բանկերից վարկեր վերցնում, հետո պարզվում է, որ աճուրդ անցկացնող պետական մարմինը աճուրդում մեկնարկային գինը օրենքով նախատեսված շեմից, բռնվեք, չընկնեք, մոտ հարյուր դրամի չափով էժան է դրել: Աճուրդի մասնակիցներն առաջարկում են տարբերությունը վճարել։ Պարզվում է, որ հայրենի դատախազությունը չի թողնում, աճուրդի կազմակերպիչ պետության ներկայացուցչին էլ ջանք չի խնայում, մտնում է դատարան, գործարքներն անվավեր է ճանաչում, մի հատ էլ մատ է թափ տալիս, արդեն նոր Հայաստանում, ասում է ձեր էղած-չեղածը ձեր միջոցներով քանդեք, մի հատ էլ հարկադիրին ցուցում է տալիս, թե ինչպես պետք է քանդեն: Իսկ պետական լիազոր մարմինն էլ, հիմք ընդունելով օրինական ուժ ստացած դատական ակտըխ, որ մարդկանց իրավունքը խախտվել է, պետության պատճառով վնաս են կրել, ասում է, որ փորձագետի հաշվարկած գումարն արժանահավատ չէ, բայց նոր փորձագետի կարիք չկա և այլն:
Միանգամից ասեմ, որ որպես իրավապաշտպան, բիզնեսի տեսակետից պետական այս ակնհայտ անօրինականություններն ապահովում են բարձրակագ փաստաբաններին իրավունքի խախտումները վերականգնելուց հետո մեծ հոնորարներ, բայց գլոբալ առումով քաղաքացին, ընդ որում, որպես կանոն, դրանք օրինապաշտ քաղաքացիներ են, որովհետև զոռբաները և նախկինում և հիմա խնդիրներ չունեն, իսկ օրինապաշտները որպես քաղաքացու տեսակ, վերանում են:
Սահմանային լարվածության այս օրերին չէի գրի պետական կառավարման, իմ կարծիքով անմարդկային, նոր Հայաստանին ոչ հարիր գործելաոճի մասին, բայց այն դիտելով պետական անվտանգության հետ կապված լուրջ խնդիր, բարձրաձայնեցի:
Այս նյութը դիտել են - 4246 անգամ