«Իմ քայլից» ովքե՞ր են օգտվել նախկինների փողերից. «Հրապարակ»
2020-06-17 10:55:00
«Հրապարակ»
Երեկ «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը մի բոցաշունչ ելույթ ունեցավ խորհրդարանում Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննարկման ժամանակ։
Արենին ճանաչողները հիշեցին նրա անցյալը, թե ինչպես էր չեբուրաշկայի հանդերձանքով ելույթ ունենում Ազատության հրապարակում։ Նրա քաղաքական կարիերայի պիկը, թերևս, այդ կերպարն է եղել, որովհետև այն կերպարը, որի մեջ հիմա փորձում է մտնել Արեն Մկրտչյանը, շատ ավելի անպատվաբեր է։ Ինքը և իր թիմակիցները, պարբերաբար հիշեցնելով նախկինների թալանի, կերակրատաշտի, լափամանի մասին, մոռանում են, որ այդ «լափաման» կոչվածից իրենք երբեմն ավելի շատ են օգտվել, քան շատ նախկիններ։ Բայց դա չի խանգարում որոշ իմքայլականների՝ պարբերաբար հայտարարել, թե շատ գործիչներ, անգամ լրագրողներ, ժամանակին օգտվել են իշխանության «լափամանից» ու հիմա, իբրև թե, կտրվել են դրանից եւ իրենց քննադատելու պատճառը հենց դա է։ «Լափամանից կտրված» ասելով, թերևս հենց իրենց որոշ թիմակիցների նկատի ունեն՝ Արենին ու Արենի նմաններին։
Արեն Մկրտչյանը շուրջ մեկ տարի՝ 2016-ի դեկտեմբերից մինչև 2018-ի հեղափոխությունը, աշխատել է Para TV-ում, որը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանին ու նրա կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին, և նրանց կողմից է ֆինանսավորվում։ Եվ Արեն Մկրտչյանը, որը հայտնի չէ՝ ինչ է արել այդ կայքում, անձամբ Վահե Հակոբյանի ու կնոջ՝ Էլիզաբեթի կողմից մոտ մեկ տարի լավ ֆինանսավորվել է։ Էլիզաբեթ Պետրոսյանն իր և ամուսնու անձնական հաշվեհամարից բավականին բարձր վարձատրել է Արենին ինչ-որ անհասկանալի և անպտուղ գործառույթներ իրականացնելու համար։ Էլիզաբեթ Պետրոսյանի խոսքով՝ մեկ տարվա կտրվածքով ավելի քան 5 մլն դրամ են վճարել Արենին, բացի այդ՝ հոգացել են այլ ծախսեր ևս, նրան իրենց հաշվին ուսման են ուղարկել, որ կրթվի՝ «մարդ դառնա»։ Հիմա, իհարկե, փոշմանել են, որովհետև իրենց ակնկալիքները, փաստորեն, չեն արդարացել։
«Գիտե՞ք, երբ մենք ընդունեցինք Արենին մեր թիմ, նա մասնագիտական առումով բավականին միջակ երիտասարդ էր, որին «աճեցնելու» համար պետք էր մեծ աշխատանք տանել տարբեր մասնագետների կողմից։ Պետք է խոստովանեմ, որ մեզ հաջողվեց զգալիորեն բարձրացնել իր մասնագիտական որակը, սակայն, ցավոք, մարդկային որակների վրա, ինչպես տեսնում ենք, դա որևէ ազդեցություն չունեցավ»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ մինչև Para TV գնալը Արեն Մկրտչյանն աշխատում էր որպես SOS հաղորդման սցենարիստ։ Նա և «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը, հաղորդում էին պատրաստում, որտեղ հայհոյանքներ էին հնչում նախորդ իշխանությունների հասցեին՝ առաջին դեմքից մինչեւ վերջինը։ Եվ Արեն Մկրտչյանը՝ Para TV գնալով դադարել է այլևս քննադատել կամ կոշտ լեքսիկոն կիրառել իշխանությունների եւ հատկապես՝ Սերժ Սարգսյանի հասցեին։
Այսինքն՝ եթե օգտվենք իրենց իսկ բառապաշարից, որն այսօր կիրառում են իշխանություններին քննադատող լրատվամիջոցների հասցեին՝ «գործարք է տեղի ունեցել Արեն Մկրտչյանի հետ», որ իր ստացած գումարի դիմաց նա զուսպ պահի իրեն օրվա իշխանությունների հանդեպ։
Ի դեպ, համացանցում երեկվանից պտտվում է նաև Արեն Մկրտչյանի մի լուսանկարը, որում նա ՀՀԿ Սյունիքի մարզի գրասենյակում է՝ ժպիտը դեմքին, գլխավերևում՝ Սերժ Սարգսյանի նկարը։ Այն Սերժ Սարգսյանի, որին նա հայհոյում էր SOS-ի շրջանակներում և Չեբուրաշկայի կերպարով։
Բայց միայն Արենը չէ «Իմ քայլի» պատգամավորներից, որ օգտվել է ՀՀԿ-ական «կերակրատաշտից»։
Para TV-ում մինչև հեղափոխությունն աշխատել ու բավականին լավ վարձատրվել են նաև «Իմ քայլի» պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Հայկ Կոնջորյանը։ Արթուրը պրոդյուսեր էր Para-ում և ոչ միայն բարձր աշխատավարձ է ստացել՝ մի քանի միլիոն դրամ մեկ տարում, նաև լիուլի օգտվել է Para-ի բարիքներից՝ գործուղումներ, Para-ի հաշվին ընտանիքով հանգստի մեկնել և այլն։ Ու այսօր նա ևս խոսում է ոչ միայն նախկինների ու նրանց «թալանի» մասին, որից ինքը տևական ժամանակ օգտվել է, այլև Para TV-ի իր երբեմնի գործընկերների դեմ։
Ամենաանշառն ու բարոյապես ընկալելին մեջներից Հայկ Կոնջորյանի դեպքն է, որը ինչ-որ ֆուտուրիստական հաղորդաշար էր վարում ժամանակին Para TV-ում, որի դիմաց իր գումարն ստացել է, դուրս է եկել և հիմա գոնե լռում է՝ ավելորդ բաներ չի խոսում։
Այս նյութը դիտել են - 5689 անգամ