Կորոնավիրուսը հաղթահարած ռուսաստանաբնակ հայտնի բժիշկ Ասպրամ Աղբալյանը հիվանդության բուժման ժամանակ օգտագործում է սեփական փորձառությունը
2020-06-03 20:22:00
Բժշկուհի՛, ընթերցողների անունից ողջունում ենք Ձեզ և խնդրում համառոտ ներկայացնել Ձեր կենսագրական գծերը։ 
Ծնվել եմ Հայաստանում: Փոքր տարիքից ընտանիքով հիմնական բնակության ենք տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ և «Արծաթե Մեդալ»-ով ավարտել եմ միջնակարգ դպրոցը։
2000-2006 թթ․-ին սովորել և ավարտել եմ Կուրսկի պետական ​​բժշկական համալսարանը: Աշխատանքային գործունեության շրջանում ղեկավարել եմ տարբեր առողջապահական կենտրոններ ու բաժանմունքներ։ Այժմ որպես ընդհանուր բժիշկ ու սրտաբան աշխատում եմ Մոսկվայում և հարակից շրջանում: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա:
Ի՞նչ է բժշկությունը Ձեզ համար։
Բժիշկ լինելը կոչում է, առաքելություն։ Դեռ փոքրուց, հայելու առջև ես ինձ միշտ պատկերացնում էի հիվանդին հետազոտելիս և մարդկանց բուժելիս։ Շա՜տ եմ սիրում մասնագիտությունս։ Այստեղ ինձ համար չափօրինակը մեր Բժշկապետն է՝ Հիսուս Քրիստոսը, որին մշտապես ապավինելով՝ կարողանում եմ մարդկանց բուժել և հավատարիմ մնալ Հիպոկրատի երդումին։
Ինչպե՞ս էր Ձեր նախնական վերաբերմունքը, երբ լսեցիք Կորոնավիրուսի մասին։
Համավարակի (COVID-19)- ի լուրն անհանգստացնող էր, հատկապես, որ այն անծանոթ հիվանդություն էր։ Բնավ չէի կարող հավատալ, որ նման չափերի կարող է հասնել՝ վտանգելով աշխարհի մարդկությանը։ Կարևոր է, որ հիվանդության տարածման հետ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհի գրեթե բոլոր երկրների բուժհաստատություններում սկսեցին վերակազմակերպվել աշխատանքներն ամենաբարձր մակարդակով։
Ինչպե՞ս համավարակը հայտնաբերվեց Ձեզ մոտ, որոնք էին հիմնական ախտանշանները և ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին։
Ես որքան էլ, որ զգույշ էի աշխատավայրում, այնուամենայնիվ ինձ մոտ ևս ախտորոշվեց հիվանդությունը, քանի որ առաջին իսկ օրվանից զբաղվել եմ մարդկանց բուժմամբ՝ փաստացի լինելով շփման մեջ: Ինձ մոտ ամեն ինչ սկսվեց ընդհանուր թուլությունից, մրսածության զգացումից, ախորժակի և հոտի կորստից: Աշխատանքային օրվա ավարտին, տանն զգացի, որ ջերմություն ունեմ։ Կանխազգում էի, որ վարակվել եմ: Այս ախտանշաններին միացան չոր հազը, մեջքի և կրծքավանդակի անսովոր ցավերը:
Անմիջապես հանձնեցի քսուկ և սկսեցի հակաբակտերիալ և ախտանշանային բուժում: Հիվանդության հինգերորդ օրը համակարգչային տոմոգրաֆիայի քննությունը հայտնաբերեց միջին ծանրության երկկողմանի թոքաբորբ: Բուժումը շարունակեցի տանը` հակաէկուլանտային թերապիայի հավելումով, որից հետո անմիջապես սկսվեց դրական առաջընթաց նկատվել:
Իմ ախտորոշման առաջին իսկ օրվանից, ձեռնարկեցի նաև ընտանիքիս անդամների, զավակներիս հակավիրուսային բուժումը, որովհետև նրանք էլ փաստացի շփվել էին ինձ հետ։ Ուզում եմ ընդգծել, որ ժամանակին, առանց հապաղելու բուժման արդյունքում նրանց մոտ հոտի կորստից ու մի օր աննշան թուլությունից բացի, այլ նշաններ, բարեբախտաբար, երևան չեկան: Այս պահին մենք հաղթահարել ենք հիվանդությունը և ես շարունակում եմ իմ ծառայությունը։ Աշխատանքիս մեջ օգտագործում եմ սեփական փորձառությունս, որը փա՜ռք Աստծու, տալիս է հրաշալի արդյունքներ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս պահպանել վարակի կանխարգելման միջոցառումները և հնարավոր ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի։
Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում։
Անկեղծ ասած, ես սիրում եմ անվերջ սովորել։ Մասնագիտական շատ ծրագրեր ունեմ, որոնց թվին է նաև իմ սեփական բուժական հաստատության հիմնադրումը։
Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս առիթի համար։ Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն, հարկ եղած պարագայում, ուզում եմ ասել, որ մենք՝ բժիշկներս, միշտ պատրաստ ենք օգնելու, սատար կանգնելու բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։
Հարցազրույցը վարեց Հովհաննես սարկավագ Գումրույանը
Լոս Անջելես
Այս նյութը դիտել են - 7504 անգամ