Թրամփը բարձրացրեց Աստվածաշունչն ու հայտարարեց, որ «ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է»
2020-06-02 19:55:00
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Վարդագույն պարտեզում երկրում տիրող անկարգությունների կապակցությամբ համաքաղաքացիներին ուղղված ելույթից հետո երկուշաբթի երեկոյան լրագրողներին հայտարարել է, որ այժմ նա հարգանքի տուրք կմատուցի մի առանձնահատուկ տեղի: Թրամփի ելույթն ուղեկցվում էր լուսաձայնային նռնակների պայթյունի եւ արցունքաբեր գազի ձայների ներքո, անհասկանալի կրակոցներ էին հնչում: Ոստիկանները պաշտպանում էին Լաֆայետ հրապարակը ցուցարարներից՝ տեղական ժամանակով 19:00-ին պարետային ժամ սկսվելու կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Որոշ ժամանակ անց Թրամփը՝ մասնավորապես, արդարադատության նախարար Ուիլյամ Բարի, վարչակազմի պաշտոնյաների եւ լրագրողների ուղեկցությամբ, դուրս եկավ նստավայրից եւ ուղեւորվեց դեպի արդեն դատարկ հրապարակ: Նախագահը հասավ Սուրբ Հովհաննեսի Եպիսկոպոսական եկեղեցի, որը ցուցարարները հրդեհել էին կիրակի երեկոյան:
Թրամփը բարձրացրեց Աստվածաշունչը եւ հայտարարեց, որ «ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է», իսկ հետո խոստացավ ապահովել պետության անվտանգությունը: Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը հաճախ «նախագահական» են կոչում, հայտնի է նրանով, որ ԱՄՆ բոլոր նախագահները 1815-ին դրա կառուցումից ի վեր առնվազն մեկ անգամ այցելել են այն նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:
Ըստ The Washington Post-ի՝ իրավապահները ռետինե փամփուշտներ են օգտագործել ցուցարարներին ցրելու համար:
Այս նյութը դիտել են - 6252 անգամ