Ինչո՞ւ «Հանրաքվեի Մասին» Սահմանադրական Օրենքում Փոփոխության Մասին Նախագիծը Հակասահմանադրական Է Համարվում (4)
2020-05-28 19:22:00

ՀՀ ԱԺ-ում քննարկման է դրվել ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագծով նախատեսվում է սահմանադրական օրենքում փոփոխություն, որն ի դեպ, ԱԺ-ին թույլատրում է ուժը կորցրած ճանաչել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն:
Հիշյալ նախագիծն Ազգային Ժողով բերելով «Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի Սահմանադրական դատարանը «մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»:
«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ին ներկայացված նախագիծը ինչպես արդեն երեւում է նախագծի խորագրից («ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ՝ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ») նախատեսում է «Սահմանադրական օրենքում» փոփոխություն, ինչը համաձայն ՀՀ Սահմանադրության վերը հիշատակված հոդվածի պահանջում է ՍԴ-ի համապատասխան որոշումը:
Իհարկե սա առաջին անգամ չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունը խախտում է Սահմանադրության հիշյալ կետը:
Անցած փետրվարին, 213-րդ հոդվածում փոփոխության հարցով հանրաքվե անցկացնելու նախագծի դեպքում էլ բացակայում էր ՍԴ-ի եզրակացությունը: Տվյալ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը դա պատճառաբանեց նրանով, որ ՍԴ-ն չի կարող կարծիք հայտնել մի նախագծի մասին որն ուղղակիորեն առնչվում է իր ճակատագրին:
Եթե նույնիսկ ընդունենք հիշյալ պատճառաբանությունը (որի հետ չեմ կարող համաձայնել) նույն տրամաբանությունը չի կարող տարածվել վերջին նախագծի դեպքում:
Հակառակ հանրաքվե անցկացնելու մասին նախագծին որն ուղղակիորեն վերաբերում էր ՍԴ-ին, վերջին նախագիծը որեւէ առնչություն չունի ՍԴ-ի ճակատագրի հետ եւ ընդհանուր առմամբ վերաբերում է ««ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ»-ին, ինչը պարտադիր է դարձնում ՍԴ-ի եզրակացության գոյությունը:

Ռոբերտ Մարգարյան

Այս նյութը դիտել են - 3444 անգամ