Կրոնիս, Պատվիս, Հայրենիքիս չկպնեք. Լևոն Բաղդասարյան
2020-05-22 16:13:00

ՀՀ Կառավարության նախորդ տարվա ծրագրային դրույթներում ամրագրված էր կարծես փաստաբանների իրավունքների պաշտպանությունը, որը ոչ միայն մնաց թղթի վրա, այլ նաև տարբեր հնչեղ գործերով փաստաբանները թիրախավորվեցին, համացանցը լցվեց տարբեր ատելության կոչեր, սպառնալիքներ փաստաբանների, նրանց մերձավորների նկատմամբ, որոնք մնացին անպատիժ:
Երեկ ակնհայտ խուլիգանական դրդումներով հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջ, անչափահաս երեխաների վրա, կապված իր մասնագիտական գործնեության հետ:

Ուրեմն, այդ հարձակվող տականքը թող իմանա, որ գոյություն ունի դիմադրության իրավունք, ու եթե պետությունն իր պոզիտիվ պարտավորությունը չկատարեց ու շատ արագ օրենքի ուժով երեխայի ու կնոջ վրա ձեռք բարձրացնողի, կամ փաստաբանի, նրա ընտանիքի անդամների արժանապատվությանը կպնողներին պատասխանատվության չենթարկի, դիմադրության իրավունքի ուժով փաստաբանն ու իր գործընկերներն ունակ և ընդունակ են վերականգնելու խախտված իրավունքները:
Որպես փաստաբանական գրասենյակի ղեկավար ու գործող փաստաբան դատապարտում եմ իմ գործընկերոջ սրբության սրբոց ներխուժելու փաստը և պահանջում եմ պետական լիազոր մարմիններից օրենքի ուժով պատասխանատվության կանչել՝ բացառելով հետագա անօրինականությունները փաստաբանի, նրա մերձավորների նկատմամբ:
Իրավունք եմ վերապահում հայտարարել. միևնույնն է, թե ով է բռնության կոչեր, սպառնալիքներ տարածող, իրացնող, իրեն օրենքից դուրս դնող ստահակը. հեղափոխական, հակահեղափոխական, անարխիստ... Իրավունքի խախտման փաստի ուժով փաստաբանի կոչումն է ոչ միայն կանգնելու իր վստահորդի կողքին, այլ նաև բարձրաձայնելու ու պայքարելու, ընդհուպ խախտման իսպառ վերացումը, ընդհուպ այդ պայքարում ստորադասելու իր անձը, իսկ իշխանության պարտավորությունն է պաշտպանել փաստաբանի ու նրա մերձավորների անվտանգությունը:
 Կրոնիս, Պատվիս, Հայրենիքիս չկպնեք։
Լևոն Բաղդասարյան
Գլխավոր տնօրեն
Այս նյութը դիտել են - 3974 անգամ