Նարեկ Մալյանի դեմ հարուցվել է քրեական գործ
2020-05-19 09:37:00
Ոստիկանությունը հաղորդում է, որ մի խումբ անձինք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հաղորդում են տվել «Facebook» սոցիալական ցանցում «Narek Malian» անունով հանդես եկող օգտատիրոջ «հակաօրինական գործողությունների վերաբերյալ»։
«Հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և 144-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։
Ոստիկանության հաղորդագրությունում նշված չէ, թե ում հաղորդման հիման վրա է հարուցվել քրեական գործը, սակայն հայտնի է, որ մայիսի 11-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքում հրապարակել էին հաղորդում հանցագործության մասին՝ կցելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին։ Նրանք հայտնել են, որ ֆեյսբուքի օգտատեր «Narek Malian»/Նարեկ Մալյանը, 2020 թվականի մայիսի 10-ին ֆեյսբուքյան ստատուս/հայտարարություն է տարածել, որտեղ վերջնագիր է ներկայացրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հայկ Մարությանին, Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանին և Հրանուշ Խառատյանին:
«Կարծում եմ, որ հայտարարության մեջ մեր կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա։ Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, ընթացք տալ և ապահովել մեր անվտանգությունը»,- գրել է Հրանուշ Խառատյանը։
civilnet.am
Այս նյութը դիտել են - 3540 անգամ