Ավարը հետ բերելու հրամայականը. իշխանությունները կգնա՞ն մինչև վերջ
2020-05-12 16:18:00
 Գաղտնիք չէ, որ Հայաստանի ծանր վիճակը, երկրում սոցիալաական վիճակի շարունակական լարվածոթյունն ու աղքատությունը եթե ոչ բացառապես, ապա առնվազը հիմնավորապես պայմանավորված է եղել իշխանական էլիտաների տարբեր ներկայացուցիչների կողմից իրականացված բացահայտ թալանով: Թալանել են որքան կարողացել են և ով կարողացել է՝ վստահ լինելով, որ մնալու են անպատիժ, որ չեն դատվելու:
Այս օրերին բավական թեժ բանավեճերի ու նույնիսկ բախումների պատճառ է դարձել ապօրինի ծագում ունեցող ունեցվածքի վերադարձի, բնագանձման վերաբերյալ օրենքը, որն, ինչպես նշել էր Նիկոլ Փաշինյանը, պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին:
Թալանածը երկիր վերադարձնելու հարցը, չնայած կարծես թե օրակարգային է դառնում հիմա, սակայն հայտնի է, որ դրա հասարակական պահանջն եղել է միշտ, իսկ հեղափոխությունից անմիջապես հետո հարցն այդ է՛լ ավելի հրամայական դարձավ: Նոր իշխանություններից ունեցած ակնկալիքներից մեկն էլ թալանածն երկիր վերադարձնելն էր, ժողովրդի «արյունը ծծածների» ապօրինի ունեցվածի ազգայնացումը:
Սակայն կարճ ժամանակ պահանջվեց հասկանալու, որ իշխանություններն այնքան էլ այդ հարցում հետևողական չեն, և հարցը կարծես քնեցվեց, որը, սակայն, հիմա արդեն կրկին սկսել է խմորվել, օրակարգ վերադարձվել:
Իրականում հարցը ոչ միայն երկրում արդարության մթնոլորտի հաստատումն է, որի կարիքն ունեն բոլորն, այլև այն, որ թալանածը հետ բերելը կարող է միանգամայն դրական նշանակություն ունենալ նաև երկրի առաջ ծառացած տնտեսական դժվարությունների հաղթահարման տեսանկյունից:
Խնդիրը, սակայն, ոչ միայն օբյեկտիվ դժվարություններն են, որոնց այսպես թե այնպես բախվելու են իշխանությունները քայլ կատարելիս (օրինակ՝ ՀՀ-ից դուրս հանված ակտիվների վերադարձի խնդիրն արդյունավետորեն լուծելու համար Հայաստանին անհրաժեշտ է լինելու նաև արտաքին աշխարհի աջակցությունն, ինչը բարդացնում է հարցը՝ նկատի ունենալով ինչ-ինչ նյուանսներ), այլև, թերևս, անհրաժեշտ կամքի առկայությունը՝ գնալու մինչև վերջ, բոլորին մեկ արշինով չափելու, խալտուրա չանելու:
Օրինակ՝ քաղաքական նպատակահարմարության գործոնը կարո՞ղ է ի սկզբանե բացառվել: Գուցե ոմանց հետապնդելը կարող է լինել նպատակահարմար, իսկ ոմանց՝ ո՞չ, կամ հարցը կարող է լինել ոչ միայն քաղաքական նպատակահարմարությունն, այլև անկարողությո՞ւնը: Օրինակ՝ նույն Միքայել Մինասյանի պարագան: Արտերկրում հանգրվանած նախկին դեսպանին երկիր վերադարձնելու ու արդարադատության հետ առերեսվելու ի՞նչ գործիքակազմեր է առաջարկում Նիկոլ Փաշինյանն, եթե հաշվի առնենք, որ, օրինակ, նույն 2016-ի ապրիլյան իրադարձությունները քննող հանձնաժողովն անգամ չի կարողանում անհրաժեշտ մարդկանց երկիր բերել:
Արդյունքում ստացվում է, որ իշխանությունները «թոզ են փչում» ժողովրդի աչքերին ու լայվ շոուների ռեժիմով փորձում ընդամենը քաղաքական դիվիդետներ քաղել, հասարակությանը վախեցնել նախկին թալանչիներով, բայց վերջիններիս դեմ գործնական հարթության մեջ ոչինչ չանել՝ բացի մեկ-երկու հոգուց, ովքեր, ըստ ամենայնի, հետապնդվում են ոչ այնքան ի փառս ժողովրդի, որքան ի փառս իշխանությունների քաղքական շահերի: Իշխանոթյունների համար առավել թիրախային են դիտարկվում նրանք, ովքեր քաղաքական առումով նետրալ չեն, ովքեր այդ դաշտոմ կարող են մրցակցություն ստեղծել:
Մյուս կողմից՝ մեծ հարց է մնում արդարադատության չափորոշիչների հարցը:
Ո՞րն է լինելու պատիժը, արդյոք տակից մուծվելը կարո՞ղ է դառնալ փրկագին: Օրինակ՝ նույն Միքայել Մինասյանի հայտարարություններից կարելի՞ է եզրակացնել, որ քաղաքականապես պասիվ կեցվածք որդեգրելը կարող է փրկագին դառնալ թալանողի համբավ ունեցողների համար, և նրանց չհիշեն, չփորփրեն մութ անցյալն, իսկ դիզած միլիոններն ու միլիարդներն էլ լեգալ համարվեն:
Ամեն դեպքում ակնհայտ է, որ արդարության մթնոլորի հաստատման, թալանվածի վերադարձի հարցերում իշխանությունների հնարավոր ձախողումը չի կարող անհետևանք մնալ. կարող են լինել նաև քաղաքական տհաճ հետևանքներ, քանի որ իշխանությունների արդյունավետության ու կոմպետենտության հարցը մեծամասամբ կախված է լինելու նաև այն հարցի պատասխանից, թե ի՞նչ չափանիշներ են կիրառվելու հատկապես այն հարցերում, որոնց նկամամբ հասարակությունը գերզգայուն է, որոնց լուծումն էական է համարվում:
Գ.Մանուկյան
Այս նյութը դիտել են - 3841 անգամ