Հարգելի՛ իրավապահներ, վարչապետը հրաման չի՞ տվել ձերբակալելու վիզ կտրող Հայկազին (Տեսանյութ)
2020-05-11 00:28:00
Երբ, Հայաստանում ողջ հասարակության ու նույնիսկ հայության ջանքերով հեղափոխություն էր տեղի ունենում, բոլորն ակնկալում էին, որ այն, բացի հանրության համընդհանուր կենսամակարդակի վրա ունենալիք դրական ազդեցությունից, բացի տնտեսական դրական արդյունքներից, իր հետ բերելու է նաև արդարության մթնոլորտի հաստատում, երբ այլևս չէին լինի արտոնյալներ, երբ վերջապես կհաստատվեր Օրենքի գերակայություն: 
Ավելին՝ շատ իմաստներով առավելապես հենց արդարության ծարավն էր, դրա պակասն էր, որ շատերին 2018-ին ստիպել էր փողոց դուրս գալ, մերժել նախկիններին ու իշխանության բերել նորերին:
Հեղափոխությունից մոտ երկու տարի հետո ստիպված ենք, սակայն, փաստել, որ այն իր առաջ դրված կարևորագույն խնդիրը չի լուծել: Դժվար թե կարող է գտնվել մեկն, ով կկարողանա փաստերի ուժով ապացուցել, որ երկրում իրապես հաստատված է արդարության մթնոլորտ, և որ այն իրականությունը, որը կար Հայաստանում նախահեղափոխական շրջանում, արմատական վերանայման է ենթարկվել: Եթե ինչ-որ բան էլ փոխվել է, ապա դա տեղի է ունեցել սիրողական մակարդակով՝ «վենդետայի» օրենքի ոգուց բխող, կլանային համակարգի տրամաբանությունը չի փոխվել: Փոփոխության են ենթարկվել ընդամենը կլանները՝ հնին փոխարինելու է եկել նորը: Ամենից հաճախ հետապնդվում ու բանտի բալանդը համտեսել ստիպված են լինում նրանք, ովքեր հաճելի չեն լինում օրվա իշխանության քիմքին, չեն համապատասխանում «նորհայաստանյան» ստանդարտներին:
Հայտնի է դարձել, որ մայիսի 7-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ ձերբակալվել է Նարեկ Սարգսյանն, ով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել:
Նշենք, որ Նարեկ Սարգսյանն առավելապես հայտնի է հանրությանն իր ընդդիմադիր հայացքներով՝ չնայած հանուն արդարության պետք է արձանագրենք նաև, որ Ն. Սարգսյանն այնքան էլ աչքի չի ընկնում իր քաղաքական հայացքների կայունությամբ:
Հարցը, սակայն, ոչ միայն կամ ոչ այնքան Նարեկ Սարգսյանի պարագան է, որքան երևույթի գոյությունն ինքնին: Ակնհայտ է, որ Նարեկ Սարգսյանը Հայաստանի ամենավտանգավոր հանցագործը չէր, և նախքան նրան հասնելը նույն իրավապահները, որոնք, սակայն, շատ դեպքերում գործում են ոչ ինքնուրույնաբար, այլ իշխանությունների ուղիղ թելադրանքով, կարող էին իրենց հայացքն ուղղել այլ ուղությամբ, օրինակ՝ նույն «Կիսաբացի» Հայկազ Մակարյանի:
Արդյոք իրավապահները նույնպիսի նախանձախնդրությա՞մբ են մոտենում նրան: 
Չէ՞ որ սա այն նույն Հայկազն է, ով հեղափոխությունից սկսած Դոն Պիպոյի բանդայի հետ միասին հրապարակավ մարդկանց ենթարկում էր տեռորի, հալածում ու վարկաբեկում, իսկ երբ բանը հասնում է արած հանցանքերի համար պատասխանատվություն կրելուն, անմիջապես չքմեղանում է, ինքն իրեն անմեղ արարած հռչակում, մի դեպքում, երբ գործած հանցանքների մասին փաստող ապացուցողական բազայի պակաս առանձապես չի զգացվում: Միայն ֆեյսբուքյան լայվերն ու դրանց բովանդակությունը բավարար են, որպեսզի Հայկազ Մակարյանը հայտնվի բանտախցում: Բայց արի ու տես, որ նա մեկ տարի շարունակ, ՖԲ իր լայվերով սպառնում ու վարկաբեկում է մարդկանց, հրապարակավ թքում նրանց վրա, խոստանում կտրել մարդկանց ականջներն ու ջարդել ոտքերն, ատելություն սերմանում լրատվամիջոցների ղեկավարների նկատմամբ, կատարում է ՖԲ-ով մի շարք խուլիգանական արարքներ, շանտաժի ենթարկում դատավորներին, իսկ վերջերս էլ սպառնում էր կտրել ՖԲ մի օգտատիրոջ վիզը՝ այն կրկնելով մի քանի անգամ, ու մնում է անպատժելի: Կան բոլոր նրա լայվերը, թեև նա հեռացրել է հետքերը:
Նկատենք, որ  պակաս  քրեածին տարրեր չեն  «Հայելի» ակումբի դեմ կատարած  հավկիթային տեռորի հեղինակները՝ իրենք իրենց «հեղափոխության պահապաններ» հորջորջող խմբի անդամներ, մասնավորապես՝  Վահիկ Խանդիլյանն ու Հայկ Ստեփանյանն, ովքեր մշտապես հանդես են գալիս բռնության մասսայական կոչերով: Հարձակում գործածներից քանի՞սն են այսօր գաղութում, քանի՞սն են բանտում վերաիմաստավորում սեփական կյանքն ու անցած ճանապարհը: Ավելին, դեռ  ամպագոռգոռ հայտարարում են, որ իրենք անպարտելի են ՝ «... Լսեք արա, հակա եք, ինչ եք, ով եք, զգուշացնում եմ, չափերներդ չանցնենք: Ուղիղ 24 ժամվա մեջ բոլորիդ հարցերը կլուծվի արա: Փորձվեք իշխանությանը հունից հանեք»- ասում են Վահիկ Խանդիլյանն ու Հայկ Ստեփանյանը:
Իհարկե, դեմ ենք որևէ տեսակի բռնության կոչերին, սպառնալիքներին, հրապարակավ զրպարտանքներին ու խուլիգանական արարքներին, սակայն Նարեկ Սարգսյանի հետապնդման բուն պատճառը, նրա հետ տեղի ունեցածը սովորական «վենդետայի» շարքից է, քանի որ նման դեպքերում պարզ զուգադիպություններ ակնհայտորեն չեն լինում: Ն. Սարգսյանի կողմից վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դրսևորած ուշադրությունն է, իշխանությունների համար զգայուն այդ թեմայի արծարծումն է, որ պատճառ է դարձել իրավապահների անհանգստության, ինչն, իհարկե, խայտառակություն է ու ոչ մի կերպ չի տեղավորվում «սիրո ու հանդուրժողականության» մասին հյուսած իշխանական ասքերի տրամաբանության մեջ՝ խայտառակելով նորհայաստանյան իրականության մութ, հաճախ խնամքով քողարկվող երեսը, իսկ Հայկազի դեպքում, ՀՀ իրավապահները լռում են, կարծում են, թե գործ ունեն, ասենք խենթ մեկի հետ ու այդ հանգամանքից ելնելով՝ հրաժարվում են լուրջ մոտենալ իշխանությունների նկատմամբ ջերմ զգացմուքներ տածող ու նրանց «դուդուկի տակ պարող» շարքային Հայկազին: Գուցե շատ ավելի լավ կլիներ, եթե իրավապահները Հայկազ Մակարյանին տանեն ոչ թե բանտ, այլ՝ հոգեբուժարան, գուցե դա ավելի մարդասիրական քայլ կլինի նրա նկատմամբ, քանի որ նա «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ ունի հոգեկան խնդիրներ, և դրա համար ազատվել է բանակից: 
Հարց ենք ուղղում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցներին . միթե՞ մեկ տարի շարունակ չեք նկատում նրա պահվածքը: Եթե նա հոգեկան խնդիրներ ունի, ապա ի՞նչ գործ ունի առողջ հասարակության ծոցում, քանի որ նայելով նրա ագրեսիվ ՖԲ լայվերը, հասկանում ենք, որ գործ ունենք հանրության համար վտանգավոր մեկի հետ:
Հ.Գ. Կարծում ենք, որ գիտակից հանրությունը տեսնելով տեսանյութը՝ կտա իր գնահատականը, կասի իր խոսքը , իսկ ՀՀ իրավապահներն իրենց ուշադրության կիզակետում կպահեն մարդկանց վիզ կտրող Հայկազին ու կտան իրավական գնահատական:
Այս նյութը դիտել են - 7818 անգամ