Շնորհավոր Մայիսի 9-ի հաղթական Եռատոնը...
2020-05-08 23:55:00
Շնորհավոր Մայիսի 9-ի հաղթական Եռատոնը...
Այդ հաղթանակի շունչը գալիս է հեռվից, երբ հիշողությանս մեջ մանկությանս տարիներից դաջված մնացին Մեծ հայրենականի մասին տան մեծերի պատմած կսկծալից զրույցները՝ մորական պապիս, նրա վեց եղբայրների, երկու հորեղբայրներիս զոհվելու մասին: Այդ պատերազմի աղետալի հոտը իմ բոլոր զգայարաններով դպրոցական տարիներիս զգացի նաև կարդացածս գրքերով, իմ դիտած ֆիլմերում՝ ամենևին չմտածելով, որ այն կարող էր մի օր մեզ այցի գալ իր չարաղետ ավերածություններով...
Արցախյան պատերազմ, մարդկային զոհեր, հայրենիքի կորուստ, բռնագաղթ, օտար ափեր...Հայոց բանակի անպարտ ոգին հաղթանակներ կռեց մեր հայրենասեր հայորդիների մարտական խիզախումով, նրանց զոհաբերությամբ, մեր ճաքճքած հողի հառաչանքով...
Ու ամրագրվեց մեր պատմության մեջ այս հաղթանակը հայի անկոտրում կամքով, բոլոր զոհերի հիշատակի խնկարկումով, մեր ազատամարտիկների անցած փառահեղ ճանապարհի հիշողությամբ, մեր միասնականությամբ, երկարատև խաղաղության ակնկալիքով, հայրենիքի զարգացման նոր հեռանկարով...
Հուսալի ու անվտանգ մեր վաղվա օրը կերտելու համար այս հաղթական տոնական օրվա շնորհավորանքներով գնահատենք մեր ձեռքբերումները, հաստատակամորեն դիմակայենք բոլոր մարտահրավերներին՝ աշխարհին պարզած հայոց եռագույնով:

Նատաշա Պողոսյան

 

Այս նյութը դիտել են - 4049 անգամ