Ամերիկահայերն ուզում են կարգալույծ անել Գարեգին Բ-ին...
2016-02-13 12:41:00

 Նամակ խմբագրությանը

Գարեգին Բ կաթողիկոսին այլևս եկեղեցիներ պետք չեն

 

2016 թվականի հունվար ամսի 9-ին Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի ծովափին տեղի ունեցավ Սուրբ պսակի խորհուրդ՝ ձեռամբ Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Շնորհք քահանայի։

   

  Ինչպես բոլորս գիտենք, հայ եկեղեցու կանոններով պսակի խորհուրդը  միայն պետք է կատարվի եկեղեցու մեջ, սակայն այս դեպքում կատարվեց ծովափին։

 Մի խումբ  նախանձախնդիր հավատացյալներ ժողովրդի կողմից նամակ են ուղարկել Մայր աթոռի դիվանատուն և բացատրություն պահանջել, թե արդյոք  որ եկեղեցական կանոնի համաձայն կարելի է ծովափին Սուրբ պսակի խորհուրդ կատարել: Սակայն, ինչպես միշտ, Մայր աթոռի դիվանատանն ուղղված նամակը մնացել է անպատասխան:

 Ըստ հարսնևոր ժողովրդի տվյալների, ամուսնացող զույգը մեծ գումար է տվել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին (որի համար ամեն  ինչ իր գինն ունի), և հայրապետն ուղիղ հրահանգով տեր Շնորհք քահանային հրահանգել է կատարել խորհուրդը ծովափին։

 Ինչպես միշտ, այս անգամ ևս  Գարեգին Բ-ն խախտում է եկեղեցական կանոնները՝ խայտառակելով Հայ եկեղեցին։ Բոլորս լավ գիտենք և տեսնում ենք, թե Գարեգին Բ-ն ուր է տանում Հայ եկեղեցին։ Իր ընտրության օրից մինչև այսօր նա գործում է Հայ եկեղեցու կանոններին հակառակ՝ Հայ եկեղեցին դարձնելով իր անձնական խանութը: Նա եկեղեցին տանում է դեպի խորխորատ։

 Թերթերի մեջ իր խախտումների մասին գրված նյութերով կարելի է հատորներ հրատարակել: Իր՝ հոգևորականին ոչ վայել կյանքով ապրելու համար իսկ կարելի է իր հրաժարականը պահանջել և ժողովրդի որոշումով կարգալույծ հռչակել, սակայն մեր եպիսկոպոսաց դասն ու ժողովուրդը լուռ ու մունջ հետևում և մասնակցում են մեր եկեղեցու հոգևոր անկմանը։

 Ժամանակն է արդեն զարթնելու և պահանջելու նրա հրաժարականը: Չէ՞ որ ողջ աշխարհով մեր ազգն ու եկեղեցին է խայտառակում, մեզ ծաղր ու ծանակ է դարձրել օտար եկեղեցիների մոտ իր աշխարհիկ պահվածքով: Այդպիսի մի դեպք կարելի է տեսնել համացանցի մեջ զետեղված այն տեսահոլովակի շնորհիվ, որ ներկայացնում է նրա վարքագիծը պաշտոնական այցով Վրաստան եղած ժամանակ, վրաց կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքին։ Արդյոք այսպիսի կաթողիկոսը մեր ազգի պատի՞վն է, թե՞ խայտառակությունն ու անպատվությունը: Ո՞ւր է մեր ազգի ու ժողովրդի ինքնասիրությունը, ո՞ւր է հայ ազգի պատիվը։

 Մինչև ե՞րբ մեր հայրենի իշխանությունները պետք է լռեն ու հանդուրժեն այս խայտառակությունները: Ժամանակն է, որ մենք ազգովի պահանջենք ու Էջմիածնից հեռացնենք այս կաթողիկոսին ու Լուսավորչի Սուրբ աթոռին բազմեցնենք այն արժանի գահակալը, որ մեր ժողովրդին պատիվ կբերի ու կփրկի մեր եկեղեցին հոգևոր կործանումից։

 Արթնացի՛ր թմբիրից, հայ ժողովուրդ, և հայրենի իշխանությունների հետ միասին փրկիր Մայր եկեղեցին հոգևոր կործանումից։

 Հայ եկեղեցու կանոններով որևէ եկեղեցական, եթե ապօրինի զավակ ունի, պետք է հեռանա եկեղեցուց ու մինչև կյանքի վերջն ապաշխարի։ Արդեն շատ հոդվածներ ենք կարդացել թերթերում Գարեգին Բ կաթողիկոսի զավակների մասին, ու մինչև այսօր ոչ մի հերքում չի եղել։ Ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում. «Լռությունը համաձայնության նշան է»։ Եթե այդպես է, ուրեմն անհապաղ Գարեգին Բ-ն պետք է կարգալույծ հայտարարվի։

 Եղիազար Հակոբյան

ԱՄՆ, Լոս Անջելես

               

shame.am

 

 

 

Այս նյութը դիտել են - 13678 անգամ