Կոչ՝ սննդամթերք վաճառող խանութներին. պարետ Տիգրան Ավինյան
2020-03-22 22:56:00
Սննդամթերք վաճառող խանութներին կոչ ենք անելու հատուկ ժամեր սահմանել տարեց գնորդների համար, որպեսզի այդ ժամերին կարողանան գնումներ կատարել տարեց բնակիչները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է պարետ Տիգրան Ավինյանը։
«Իտալիայում մահվան դեպքերը տարեց բնակիչների շրջանում է գրանցվել, որոնք ունեցել են երեք կամ ավելի խրոնիկ հիվանդություններ։ Տարեցները ամենախոցելին են, այդ պատճառով մենք կոչ ենք անելու մեր մթերային խանութներին ժամեր սահմանել տարեցների համար։ Հավանաբար, դա կլինի 10-ից 12-ը, իսկ մեր մյուս քաղաքացիներին կոչ ենք անելու այդ ժամերին չգնալ մթերային խանութներ, և ընդհանրապես, այդ շրջանում տատիկ-պապիկների հետ արժե շփվել միայն սկայպով»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ մտցված օրենսդրական փոփոխությունների փաթեթին՝ Ավինյանը նշել է, որ դրանով հստակեցվելու են ինքնամեկուսացման պայմանները, սահմանվելու են վերահսկողական մեխանիզմներ, իսկ դրանք խախտողների համար՝ տուգանք։
«Եթե մի պահ տեսնենք, որ բոլոր վարակվածներին հիվանդանոցներում պահելը նպատակահարմար չէ, առաջին փուլով, կարծում եմ, նրանց կտեղավորենք հյուրանոցներում, իսկ հիվանդանոցներում կպահենք միայն ծանր դեպքերը։ Եթե հիվանդների թիվն էլ ավելի մեծանա և հյուրանոցային պայմաններում էլ նրանց պահելը էֆեկտիվ չլինի, կանցնենք տներում մեկուսացման»,- ասել է Ավինյանը։
Այս նյութը դիտել են - 8157 անգամ