Իշխանական կուսակցությունն անգամ համաճարակի դեմ պայքարի համընդհանուր մոբիլիզացիայի այս օրերին զերծ չի մնում էժանագին, ամոթալի քայլերից.Yerkir
2020-03-22 21:55:00
Yerkir. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակը նույն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջով ալկոգելի պատրաստման լուսանկարներ է տարածել, որտեղ սեփական աշխատանքի հետ միասին սահմանադրական փոփոխությունների շտաբի պաստառների միջոցով լայնորեն գովազդվում է նաև «Այո»-ն:
Փաստորեն՝ իշխանական կուսակցությունն անգամ համաճարակի դեմ պայքարի համընդհանուր մոբիլիզացիայի այս օրերին զերծ չի մնում էժանագին, ամոթալի քայլերից: ՔՊ-ի սույն գրասենյակը բարեգործական իր ակցիաներին ու համաճարակի դեմ պայքարի հուզական թեմաների արծարծմանը զուգահեռ՝ փորձում է «25-րդ կադրի էֆեկտով» ազդել ընտրողների վրա և հանրությանը «նախապատրաստել» հետհամաճարակային քարոզարշավին:
Որևէ մեկը դեմ չէ, ճիշտ հակառակը՝ գովելի է, որ կուսակցությունները կամ այլ կազմակերպություններ նախաձեռնեն բարեգործական ակցիաներ և պատշաճ կերպով ներկայանան իրենց անուններով: Բայց այդ ամենին զուգահեռ այս օրերին «ձեռքի հետ» լուծել նաև քաղաքական խնդիրներ՝ պարզապես ցինիզմ է, անբարոյականություն և որևէ կերպ չարդարացվող արարք:
ՔՊ-ի գրասենյակի այսպիսի քայլը հար և նման է այս օրերին Սահմանադրական դատարանի թեման շահարկող ԱԺ որոշ պատգամավորների՝ նույնքան անբարո վարքագծին:
Հ.Գ. Ցավալի է, որ այս օրերին այնքան անհրաժեշտ ազգային համերաշխության և համաճարակի դեմ պայքարում քաղաքական ուժերի կոնսենսուսի կարևորությունը կարծես չի գիտակցում հենց իշխող ուժը, ով նման քայլերով կրկին ներքաղաքական հարցեր է լուծում:
Այս նյութը դիտել են - 3575 անգամ