Յուրաքանչյուր մեռնող զինվորի հետ Հայաստանում մարում է մի տան ճրագ...
2020-02-17 13:15:00
Վերջին շրջանում բանակում գրանցված 12-ից ավելի զոհերի փաստը ցնցել է շատերին, սակայն, ցավոք, ոչ բոլորին, քանի որ ոմանց զգացմունքներն այնքան են բթացել, որ տեղեկատվական անկառավարելի դարձած հոսքերի, սևերի ու սպիտակների բախման հորձանուտում աննկատ է մնացել բանակում տեղի ունեցողը:
Յուրաքանչյուր մեռնող զինվորի հետ Հայաստանում մարում է մի տան ճրագ: Առավել ցավալին այն է, որ հայ զինվորն ընկնում է ոչ թե թշնամու գնդակից, այլ՝ սեփական ծառայակցի կամ ինքն է վերջ տալիս կյանքին՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով բանակում վխտացող արատավոր բարքերի ողջ իսկությունը:
Միևնույն ժամանակ բանակում տեղի ունեցող խայտառակությունն ի ցույց է դնում ոչ միայն զինված ուժերում տիրող խառնաշփոթ իրավիճակն, այլև կամա-ակամա բացահայտում է առհասարակ երկրի ներսում տիրող հիասթափեցնող կացությունը:
Գաղտնիք չէ,որ իշխանություններն առիթը բաց չեն թողնում նույն Սփյուռքին տարբեր հայրենասիրական կոչեր հնչեցնելու՝վստահեցնելով, որ երկիրն այլևս առաջվանը չէ,որ ամեն ինչ նոր է և այլն:
Ավելին՝ իշխանական կոչերն է՛լ ավելի լսելի դարձնելու նպատակով Նիկոլ Փաշինյանին հաճախ ձայնակցում են նաև դրսում բնակվող որոշ խմբեր՝ փորձելով ջուր լցնել հեղափոխության ջրաղացին ու ըստ ճաշակի գունազարդել նորհայաստանյան տխուր իրականությունը: Մինչդեռ՝ մեծ հարցական է այն, թե իշխանություններին սատարողներից քանի՞սը պատրաստակամություն կդրսևորեն՝ սեփական գործողություններով ապացուցելու իրենց հայրենասիրությունն, և, ասենք, իրենց զավակներին ուղարկելու առաջին գիծ՝ կրծքով պաշտպանելու «նոր» հայրենիքը:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ իշխանության ունեցած պատասխանատվության հետ կապված, երբ, փաստորեն, նույն Փաշինյանի զինվոր որդու պարագայում գործ ենք ունենում ըստ պահանջի ռեստորաններում, թիկնապահների միջավայրում սեփական ծառայությունը «գլորողի» հետ, իսկ սովորական մարդկանց երեխաների դեպքում՝ զոհերի: Գուցե Գերմանիայի թանկանոց հյուրանոցներում կյանքը համտեսելու կամ Բեռլինի պատերի տակ սելֆիներ անելու փոխարեն շատ ավելի լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը փորձեր պատշաճորեն կատարել գերագույն գլխավոր հրամանատարի իր պարտականություննե՞րը, թե՞ պարտադիր պետք է արցախյան հակամարտությունը պայթի, որ միայն դրանից հետո ինչ-որ մեկն ինքն իրեն գլխավոր գերագույն հրամանատար զգա: Ե՛վ հայաստանյան, և՛ արցախյան իշխանությունները, ցավոք, կարծես անհաղորդ են մնացել կատարվածին՝զբաղված լինելով ընդամենը քաղաքականությամբ մարդկանց պառակտելուն. Հայաստանում «սևերի» ու «սպիտակների» թեման է անվերջ խմորվում, Արցախում էլ՝ ընտրություններն են իրենց սև գործն անում: Մինչդեռ նախևառաջ պետք էր պատշաճ արձագանքի արժանացնել բանակում կատարվածն, այնինչ քար լռություն է տիրում:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարին, ապա, եթե նա դույզն ինչ ինքնասիրություն ուենար, րոպե առաջ պետք է հրաժարական ներկայացներ, քանի որ բանակում տիրող խայտառակ վիճակը հետևանք է նախևառաջ նախարարության անտարբեր վերաբերմունքի: Միգուցե Տոնոյանը կիրթ անձնավորություն է, համեստ ու ոչ բռի, սակայն ակնհայտ է, որ այդ ամենը շատ քիչ է պաշտպանության նախարարի դժվարին առաքելության մեջ հաջողելու համար: Ակնհյատ է, որ Տոնոյանը նախևառաջ թերացել է սեփական ենթակաների վերահսկողության հարցում, ինչի հետևանքով այսօր օրախնդիր է դարձել արդեն հենց իր հրաժարականի հարցը:
Քանի դեռ Հայաստանում մոլեգնում է անտարբերությունը, իրավիճակը չի շտկվելու: Առանց այն էլ երկիրը մինչև ականջների ծայրը թաղված է բազմաթիվ հոգսերի ու անլուծելի դժվարությունների մեջ, և, եթե, այս իրավիճակում հիմա էլ հարվածի տակ հայտնվի բանակն, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել:
Գ.Մանուկյան
Այս նյութը դիտել են - 5065 անգամ