Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման.«Հրապարակ»
2020-02-13 11:46:00
«Հրապարակ»-ը գրում է.
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաեւ Քաղպայմանագիր կուսակցության վարչության նախագահն է եւ այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, ամենադրական իմիջն ունեցող մարդկանցից է այս իշխանության մեջ։ 
Սակայն, պարզվում է, նա իր կենսագրությունը սրբագրել է եւ որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։
Օրինակ, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն եւ անգամ դատապարտված է եղել ու նստել է։ Մեր տեղեկություններով, զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է եւ քրեական գործ է հարուցվել այդ առիթով։
Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։
Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը եւ հաստատել։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներումով։
Այս դատվածությունն, ըստ ամենայնի, արդեն մարված է, ուստի այն որեւէ հետեւանք չի առաջացնում նրա՝ պաշտոն զբաղեցնելու հարցում։ Սակայն ուշագրավ է, որ այս փաստը թաքցվել է կենսագրությունից։
Պապիկյանի պաշտոնական կենսագրությունում գրված է․
«Ծնվել է 1986թ. ապրիլի 26-ին Ստեփանավան քաղաքում: Սովորել է Լոռու Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր»: Եւ հաջորդ տեղեկությունը վերաբերում է 2009-2011 թվականներին՝ «գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը»:
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից, սակայն նա ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում և հարցի հասցեատերը ինքը չէ, այլ Պապիկյանի մամուլի քարտուղարը։ Նրան նույնպես հարցրինք, թե ինչու է գաղտնի պահվում այդ փաստը, խոսնակը երկար լռում էր, ապա գրեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
Այս փաստը հատկապես ուշագրավ է դառնում բանակի եւ քրեական ենթամշակույթի դեմ իշխանությունների պայքարի ֆոնին։ Ինչպես կարող են բանակում մարդ դանակահարած անձինք կոչ անել զինվորներին բարձր գիտակցություն դրսեւորել եւ ձեռնպահ մնալ տղայական «ռազբորկաներից»։
Այս նյութը դիտել են - 5137 անգամ