Նոր մարտահրավեր. ինչպե՞ս չտապալվել ամենակարևորում
2020-02-10 10:48:00
Նախագահ Արմեն Սարգսյանը, ղեկավարվելով Սահմանադրությամբ վերապահված իր լիազորություններով (հոդված 206), նշանակել է Սահմանադրությունների փոփոխությունների հանրաքվեի օրը: Ապրիլի 5-ին Հայաստանի քաղաքացիները հնարավրություն են ստանալու «այո» կամ «ոչ» ասել իշխանությունների ունեցած պլաններին՝ կապված Սահմանադրական դատարանի հետ:
Պետք է արձանագրել, որ Սարգսյանի ստորագրությունը կամ դրա բացակայությունը սկզբունքորեն չէր էլ կարող ունենալ իրավական հետևանքներ, քանզի չստորագրելու դեպքում նույնպես հանրաքվեի օրն այսպես թե այնպես հայտնի էր դառնալու իրավունքի ուժով: Սակայն Սարգսյանը, փաստորեն, նախընտրեց անմասն չմնալ պրոցեսներից ու իր խոսքն ասել ստեղծված իրավիճակում:
Անկախ այն հանգամանքից, թե հանրաքվեի վերջնարդյունքն ինչպիսին կլինի, «այո»-նե՞րը կգերկշռեն, թե՞ «ոչ»-երը, ոչ պակաս խնդիր է լինելու հանրաքվեին նախորդող քարոզարշավի ընթացքի հարցը:
Բանն այն է, որ քաղաքական իշխանությունները սահմանադրական փոփոխությունների լինել-չլինելու խնդրին ի սկզբանե տվել են ու շարունակում են հաղորդել ընդգծված քաղաքական ենթատեքստ ու հայտարարել, որ ՍԴ 7 դատավորներին աշխատանքից հեռացնելուն փաստացի միտված նախաձեռնության վերաբերյալ վերաբերմունք արտահայտելով՝ հասարակությունն իր վերաբերմունքն է ի հայտ բերելու հեղափոխությանը:
Ավելին՝ իշխանություններն իրենց առաջ դրված խնդրի լուծման համար չեն խորշում օգտագործել այնպիսի քաղաքական տեխնոլոգիաներ ու գործիքակազմեր,որոնք սովորաբար բնորոշ են քաղաքական պայքարին:
Կրկին անգամ հստակ գիծ է քաշվել «սևերի» ու «սպիտակների» միջև, երբ սպիտակներ են հայտարարվում հեղափոխության աջակիցներն, իսկ «սևեր»՝ ասենք ,ՍԴ հարցում իշխանությունների ունեցած դիրքորոշման հետ չներդաշնակվող կարծիք ունեցող քաղաքացիները:
Այս ամենի հետ կապված մի շատ բնական ու նաև օրհասական հարց է առաջ գալիս՝ արդյոք Հայաստանն ունի՞ բավարար ռեսուրս՝ ևս մեկ անգամ մխրճվելու պառակտումների, «սևերի» ու «սպիտակների», «չարերի» ու «բարիների» փիլիսոփայության վրա հիմնված ճահիճը:
Հասարակության ներսում նոր-նոր են հաղթահարվում փոխադարձ ատելությունն ու հակակրանքը, բաժանություններն ու խժդժությունները, արդյոք շռայլություն չի՞ լինի այս իրավիճակում նոր բարիկադների կառուցումը:
Ինքնին հանրաքվեի գործիքակազմին դիմելը, թերևս, ողջունելի պետք է համարել, սակայն դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ նաև, որ այն ճիշտ չբանեցնելու պարագայում իրավիճակը կարող է բացարձակապես անցանկալի հունով ընթանալ ու հանգեցնել վատթար հետևանքների: Իր քվեն տվող մարդը պետք է առաջնորդվի ոչ թե բորբոքված կրքերով,այլ բացառապես սառը սրտով ու սթափ մտքով, և բացարձակապես հարկավոր չէ բարոյահոգեբանական հնարքների միջոցով ճնշման թիրախ դարձնել քաղաքացուն՝ ցանկալի արդյունք ստանալու համար: Ասվածը վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլև «ոչ»-ի ճամբարին:
Կանգնած լինելով բազմապիսի ու բազում փորձությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների առաջ՝ Հայաստանը վաղուց մարել է ներհասարակական խժդժությունների, ատելության ու հայոհյանքի ռեսուրսը:
Պետության հիմքերի ամրության հրամայականը, որն ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքական խմբի նեղ շահերն ու դրանց սպասարկման հարցը, պարտադրում է բոլորին առավելագույն նրբանկատություն դրսևորել սպասվող քարոզարշավի օրերին ու չմանիպուլացնել, չտրվել մարդկանց հոգու նուրբ լարերի վրա սեփական քաղաքական խաղը կառուցելու գայթակղությանը, քանի որ հետևանքները կարող են իսկապես անդառնալի լինել:
Այս նյութը դիտել են - 3498 անգամ