Վանեցյանը մտավ խաղի մեջ. հասարակությունն իսկապես հոգնել է նորերից, իսկ վերադարձ անցյալին ոչ ոք չի ուզում
2020-02-06 09:47:00
Արթուր Վանեցյանը հայտարարել է կուսակցություն հիմնելու մտայնության մասին: 
«Կուսակցությունը կլինի կենտրոնամետ-աջ ուղղության մեջ: Բարձրագույն արժեքը քաղաքացին է, ժողովրդավարությունն առաջնահերթություն է, բայց այդ ամենի հետ մեկտեղ պետք է պահենք մեր ազգային ավանդույթները, մեր եկեղեցին և ազգային շահը: Ավանդույթներ և առաջընթաց, սա է մեր հիմնական գաղափարախոսությունը»,-խմբագիրների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրենը:
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցների խմբագիրների հետ ունեցած հանդիպմանը Վանեցյանը նաև հայտարարել է, որ վերադարձ անցյալին չի լինելու, և ինքն այն մարդն է, ով պայքարելու է դրա դեմ:
Իշխանությունների համար Վանեցյանի մուտքը քաղաքականություն, իհարկե, դժվար է անակնկալ համարել, քանի որ մինչև համապատասխան հայտարարությամբ հանդես գալն էլ շատերի համար պարզ էր դարձել, թե ինչ իրական նպատակներ է հետապնդում Վանեցյանն ու որն է նրա հիմնական առաքելությունը դառնալու առաջիկայում: Միգուցե նրա մուտքը քաղաքականություն իշխանությունների համար անակնալ չդարձավ, սակայն միանշանակորեն այն տհաճ իրադարձություն է վերջիններիս համար՝ լի բազմաթիվ մարտահրավերներով, քանի որ առաջիկայում փորձ է արվելու ձևավորել կուռ ընդդիմադիր բևեռ մի լիդերով, ում վարկանիշը հասարակության շրջանում իսկապես բարձր է: Եվ հաշվի առելով այն, թե ինչ արագությամբ է անկում ապրում իշխանության ռեյտինգը էյֆորիայի ազդեցությունից վաղուց դուրս եկած ու ներհայաստանյան խժդժություններից հոգնած հասարակության շրջանում՝ պետք է աձանագրել, որ Վանեցյանին խանդելու օբյեկտիվ պատճառներ իշխանություններն իսկապես ունենալու են:
Գաղտնիք չէ, որ իշխանությունների հիմնական քաղաքական կռվախնձորը մշտապես եղել է ու շարունակու է մնալ նախկինների ստվերով հասարակությանը վախեցնելը: «Եթե մենք չլինենք, հետ կգա անցյալը»՝ ասում է իշխանությունն ու գործի անցնում: Ու չնայած Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը հասարակության շրջանում մնում է բարձր, սակայն նրան համակրողների մեջ քիչ տոկոս չեն կազմում նրանք, ովքեր միաժամանակ անվստահություն են տածում Փաշինյանի թիմում հայտնվածների նկատմամբ՝ նրանց առնվազը կասկածելով անադեկվատության մեջ:
Վանեցյանն իշխանություններին զրկում է «հնի վերադարձի» խաղաքարտից՝ հայտարարելով, որ անձամբ է պայքարելու հնի վերադարձի դեմ: Միաժամանակ հայտարարվում է կեղծ օրակարգերից հրաժարվելու, մանիպուլյատիվ հնարքներին վերջ դնելու, հասարակությունը սևերի ու սպիտակների չբաժանելու մասին, ինչից իսկապես հասարակոթյունը հոգնել է, և տեսարանների փոխարեն իրական արդյունք է պահանջում:
Վանեցյանի շուրջ ու նրա կողմից հեղինակած քաղաքական պրոցեսները դեռ նոր են սկսվելու: Վանեցյանը դեռ պետք է կարողանա իր շուրջը իսկական թիմ ձևավորել, որը կլինի նույնքան ներկայացուցչական, որքան և ինքը,և առնվազը հասարակության շրջանում հարցեր առաջ չեն գա՝ ոմանց անցյալի հետ կապված: Այս իմաստով ԱԱԾ նախկին տնօրենը խնդիր է ունենալու այնպիսի թիմ հավաքել, որը շահեկանորեն կտարբերվի Փաշինյանի շուրջ համախմբված թիմից ու իրական վստահություն կներշնչի նույնիսկ քաղաքականությունից մղոններով հեռու մարդկանց:
Ավելին՝ քաղաքական ասպարեզում հնարավոր նվաճումների խնդիրը առավելապես կախված է լինելու այն հարցից, թե որքանո՞վ նրան կհաջողվի ձևավորել, այսպես ասած, երազանքի թիմ և որքան մրցունակ կլինի այդ թիմն իշխանությունների հետ համեմատության մեջ մտնելու պարագայում. մեկ անձի գործոնն այս դեպքում կարող է չաշխատել:
Հասարակությունն իսկապես հոգնել է նորերից, իսկ վերադարձ անցյալին ոչ ոք չի ուզում, ուստի՝ մնում է առաջարկել մի նոր՝ երրորդ ուղի, ինչն էլ, ըստ էության, Վանեցյանը փորձելու է անել:
Գ.Մանուկյան
Այս նյութը դիտել են - 5711 անգամ