Քոչարյանի այսօրվա հարցազրույցը համընկել է տեղեկատվական այլ առիթի հետ, որի հերոսն այս անգամ Սերժ Սարգսյանն է.1in
2020-01-29 19:11:00
«1in.am»-ը գրում է.
Այսօրվա հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ակամայից խոստովանել է, որ քաղաքականություն է վերադարձել Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ «Իր էությամբ ու գործողություններով իշխանությունն ինձ վերադարձրեց քաղաքականություն, իսկ անազատության մեջ պահելով՝ ինձ հաջողությամբ դարձնում է իր ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ։ Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ։ Հավանաբար, ինձ վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում»,- ասել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահի պնդումն ուշագրավ է մի քանի տեսանկյունից։
Քաղաքական գործունեության հիմք նա համարում է ոչ այնքան իր դիրքորոշումները կամ արժեհամակարգը, որքան՝ դատավարական կարգավիճակը։ Այլ խոսքով՝ կարելի է ենթադրել, որ Քոչարյանը քաղաքական հայտ չէր ներկայացնի, եթե չլիներ Մարտի 1-ի գործը կամ նրա կալանավորումը։ Մյուս կողմից՝ Քոչարյանն այսօր ընդդիմությանն առաջնորդելու բացահայտ հայտ է ներկայացրել՝ դարձյալ ֆետիշացնելով իր անազատությունը, կամ համարելով, որ իր այսօրվա կարգավիճակը նրան դարձնում է հին համակարգի տարբեր սեգմենտների, այսպես ասած, մագնիս։ Այլ խոսքով՝ նա «քաղհալածյալի» իր իմիջը համարում է ընդդիմության լիդերության, ըստ էության, միակ կռվան, սակայն ուշագրավ է, որ այդ հայտով մարտահրավեր է նետում ոչ այնքան իշխանությանը, որքան՝ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, որոնք պարբերաբար հայտարարել են ընդդիմադիր ճամբարում կամ հին համակարգում իրենց դոմինանտության մասին։
Խիստ ուշագրավ է, որ Քոչարյանի այսօրվա հարցազրույցը համընկել է տեղեկատվական այլ առիթի հետ, որի հերոսն այս անգամ Սերժ Սարգսյանն է։
Դատախազությունը հաստատել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու գործն այսօր ուղարկել դատարան։
Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Կասկածից վեր է, որ այս «քաղաքական հետապնդում»-ը Սերժ Սարգսյանի կողմից օգտագործվելու է նույն նպատակով՝ ընդդիմության առաջնորդի հայտ ներկայացնելու համար։ Անցած գրեթե երկու տարիները ցույց տվեցին, որ Սարգսյանը քաղաքական ասելիք կամ կրեդո չունի ու իր մարտավարությունը դարձյալ կառուցում է «հալածյալության» հենքով։
Մյուս ամիս Հայաստանն արդեն կունենա երկու աղմկոտ դատավարություն, որոնցից մեկում գլխավոր ամբաստանյալը Ռոբերտ Քոչարյանն է, մյուսում՝ Սերժ Սարգսյանը։ Ավելորդ է ասել, որ երկու գլխավոր ամբաստանյալներով գործընթացներում իրավական բաղադրիչը երկրորդական է, ու մեկնարկելու է երկրորդ և երրորդ նախագահների հեռակա պայքարը՝ հին համակարգի նկատմամբ վերահսկիչ փաթեթ ունենալու համար։
Այս փուլում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պայքարում են առավելապես ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ միմյանց դեմ։

Այս նյութը դիտել են - 5142 անգամ