Հավերժի ճամփորդը. Արաքս Խաչատրյանի լուսե հիշատակին
2020-01-10 12:44:00
Փորձություններով ու բազմաթիվ դժվարություններով լի կյանքում հարազատ մարդու կորուստը, թերևս, ամենացավալին է յուրաքանչյուր մեկի համար: Նման անտանելի ցավ ապրեցի՝ տեղեկանալով մեզ վաղուց հարազատ դարձած ընտանիքի մոր՝ Արաքս Խաչատրյանի՝ Արաքս մորաքի մահվան մասին:

20 տարի առաջ էր, երբ ժամանելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հնարավորություն ունեցանք առաջին անգամ շփվելու ԱՄՆ-ում երկար տարիներ հաստատված մորաքրոջս ընտանիքին մտերիմ դարձած Արաքս Խաչատրյանի հետ ու անմիջապես զգալու նրա մարդկային ջերմությունն ու այն հոգատարությունը, որ սովոր էր իր շուրջը տարածել Արաքս մորաքը՝ դրանով իսկ գեղեցկացնելով աշխարհը: 
Այդ հանդիպումից կարճ ժամանակ անց՝ գրեթե միանգամից, Արաքս Խաչատրյանն դարձավ մեր ընտանիքի ամենամտերիմ մարդկանցից մեկն օտարության մեջ, այն հարազատ մեկն, ում կարիքն ունեն բոլորը: Առանց մարդկային այդ տեսակի աշխարհն իսկապես անտանելի կլիներ, իսկական անապատ:
Արաքս մորաքն այն մարդկանցից էր, ով իր ներքին ջերմությամբ լուսավորում էր չորսբոլորը՝ սեր ու ջերմություն տարածելով ոչ միայն սեփական ընտանիքի ներսում, այլև՝ նույնիսկ սեփական օջախի սահմաններից շատ-շատ հեռու, ուներ բացառիկ մի ձիրք. մարդկանց գնահատել, մարդու մեջ լավը նշմարել, ոչ թե դատապարտել, այլ աջակցել գիտեր:
Ցավոք, չարաբաստիկ հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց, քան կյանքի հույսը: Այդպես էլ հոգուս խորքում համարձակություն չգտա՝ մի վերջին անգամ տեսնելու նրան, քանի որ վախենում էի նրա փառահեղ կերպարն աղճատված տեսնելու վտանգից, ցանկանում էի, որ Արաքս Խաչատրյանն իմ հիշողություններում ու պատկերացումներում մնար այնպիսին, ինչպիսին նախքան չարաբաստիկ հիվանդությամբ ախտահարվելն էր՝ շքեղ ու դյութիչ արտաքինով, կենսախինդ ու վառվռուն հոգով:
Բայց Արաքս մորաքը միայն իր արտաքինով ու ներաշխարհով չէ, որ չնաշխարհիկ էր, այլև՝ ձեռքի շնորհքով, նրա մատներից ուղղակի ոսկի էր կաթում. խոհանոցում նա անգերազանցելի էր, իսկ կարուձևի արհեստում նրա ունեցած հմտությունը միայն հիացմունք էր առաջ բերում:
Արաքս Խաչատրյանի մահվան գույժին տեղյակ դարձա նրա որդու՝ սիրված արվեստագետ Զարեհ Թևանի Ֆեյսբուքյան էջից:
Մահվան բոթն սարսափելի էր.... Չնայած լուրը ստանալուն պես զանգահարեցի մորաքրոջս, սակայն համարձակություն չունեցա նրան տեղյակ պահել կատարվածի մասին, քանի որ առանց այն էլ անհանգիստ էր, ինչ-որ բան էր զգում:
Մորաքրոջս երեխաները, ովքեր մանկուց միասին էին մեծացել տիկին Արաքսի երեխաների հետ, իրենց ցավակցությունն էին հայտնել Զարեհ Թևանին, սակայն չէին համարձակվել տեղյակ պահել մորաքրոջս կատարվածի մասին:
Ինչ էլ գրեմ ու ինչպես էլ հույզերս արտահայտեմ, գիտեմ, որ չեմ կարող որևիցե կերպ սփոփել հարազատ ընտանիքի անդամներին: Արաքս մորաքի մահը մեծագույն կորուստ է ոչ միայն սեփական ընտանիքի, այլև ընտանիքին մոտ կանգնած մարդկանց համար ու հատկապես՝ իմ ու ընտանիքիս:
Արաքս Խաչատրյանն երբեք չի մոռացվի, նրա մարդկային տեսակին պատկանող անհատականություններն երբեք չեն մահանում, ու ժամանակն անզոր է նրանց վառ հիշատակի առաջ:
Արաքս մորաքը հավերժ կմնա մեր սրտերում, ու նրա լուսե հիշատակն երբեք չի մարի...
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 3994 անգամ