Վայ, ախչի, «Ձինուլն» ա...Արմեն Հակոբյան
2020-01-06 02:58:00
Ուրեմըս, լինում ա, չի լինում, մի ֆեյք ա լինում: Ֆեյսբուքներում իրան Ձինուլ էին ասում: Թե Ձինուլին ինչ էին ասում տնեցիք, անհայտ է: Էնքան անհայտ, որ դաժը ԱԱԾ-ն դիմակի տակ պահեց: Էս «Ձինուլն», ուրեմըս, արական սեռից էր, բայց ֆեյսբուքներում որպես ախչի էր ներկայանում...
Իսկ հիմա մի քիչ ավելի լուրջ, եթե կարելի է այս բացահայտ ձեռնածությանը, անլրջության այս խորանարդ աստիճանին լուրջ վերաբերվել:
Ոմն մեկը, ուրեմն մնում-մնում ու մեկ էլ բացահայտ «տեղակատվական», ճիշտ է ասել՝ ապատեղեկատվական սադրանք է իրականացնում, ես կասեի՝ դիվերսիա: Տխմարություն է գրում, բայց արտաքուստ՝ լուրի նման, դա կայծակնային արագությամբ թշնամական Ադրբեջանի համապատասխան քարոզչական ռեսուրսները կապկում ու տարածում են՝ ամբողջացնելով հակահայկական, հայ-իրանական հարաբերություններին հարվածելու բացահայտ նպատակ հետապնդող տեղեկատվական դիվերսիայի պատկերը:
Երբ այդ դիվերսիոն գործողությունը գրեթե լիովին իրականացված-ավարտված էր, հանկարծ «զարթնում» է Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը, ինչ-որ բաներ է ասում դրա մասին, ու... հրա՜շք, ժամեր անց ԱԱԾ-ն հայտնաբերում է «Դիանա Հարությոևւնյան» ներկայացող կեղծ էջը վարող սուբյեկտին...
Առհասարակ, նախքան այդ «բացահայտումը», այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության մասին որոշակի պատկերացումներ ունեցող անձանց շրջանում տիրապետող կարծիքն այն էր, որ դա «Դիանա Հարությունյանը» ադրբեջանական ֆեյք է, պարզ ասած՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների միջոցով օգտագործվող կեղծ պրոֆիլ:
Ու նաև այդ վերջին հանգամանքը նկատի ունենալով, Հայաստանի ԱԱԾ-ին երևի կրկնակի կարելի էր շնորհավորել՝ արագ, ես կասեի՝ վայրկենական «բացահայտման» համար: Ու կշնորհավորեի էլ, եթե չլինեին մի քանի «եթե»-ներ, որոնք ֆեյսբուքյան տիրույթում բազմաթիվ իրական օգտատերեր հրապարակավ արդեն բզկտել են:
Ամենից առաջինը. Չի ներկայացվել որևէ ապացույց, համոզեցուցիչ տվյալ, որ ԱԱԾ ձերբակալած ու տեսանյությում անանուն և փակված դեմքով ցուցադրված անձը իսկապես նա է, ով ՖԲ-ում ունեցել և վարել է «Դիանա Հարությունյան» անուն-ազգանունով էջ: Միայն իր ինքնախոստովանական ձայնն է ու մեկ էլ ԱԱԾ-ի ասածը, ոչ հաշիվ, ոչ բան, ոչինչ:
Երկրորդ, նա նշում է, թե 2018-ից է այդ էջը բացել, բայց ֆբ տիրույթում շրջանառվում են տարբեր վկայություններ, որ տվյալ անուն-ազգանունով ֆեյք Հայաստանի շահերի դեմ գործել է դեռևվ 2016-ից, կոնկրետ՝ ապրիլյան պատերազմի օրերին: Դա՞ ինչ հանելուկ է:
Երրորդ. Անհասկանալի է, թե ԱԱԾ-ն քրեական օրենսգրքի կոնկրետ ո՞ր հոդվածի հատկանիշով է գործ հարուցել:
«Համապատասխան հոդվածը» ո՞րն է, պարոնայք:
Հա, և «գլուխգործոցը», ինչ խոսք, այն է, որ այդ «Դիանա Հարությունյանը» հատուկ ընդգծում է, թե իբր ինքը, «լինելով Ռոբերտ Քոչարյանի աջակիցը...»
Այս ամենը բացահայտ «թատրոնի», բեմադրության տպավորություն է թողնում, հիշեցնելով մեկ այլ, այս անգամ իրական Դիանայի: Այն որ հայրենական ցածրակարգ հեռուստասերիալների սցենարներ է գրում:
Բայց, այնուամենայնիվ, ԱԱԾ-ն փորձել է հիմնարկի դեմքը պահել: Այ, եթե ոստիկանական գործողություն լիներ, ձերբակալելու պահն էլ ցույց կտային, «Դիանա Հարությունյանի» սեղանին պիցցա կլիներ, համակարգչի կողքը՝ թեկուզ խաղալիք ավտոմատ... Կռիսի տարի է, ի վերջո:
Իսկ այսպես, ոչ անուն-ազգանուն, ոչ դեմք, ոչ էլ քր.օր.-ի կոնկրետ հոդված: Դե գնա ու հետո պարզիր՝ «ա բիլ լի մալչիկ?»:
Նման ակցիաների խնդիրը իշխանությանն այսրոպեական դիվիդենտներ ապահովելն է: Իսկ այն, որ պատական կոնկրետ, մի ժամանակ գործող ինստիտուտը «Դիանա Հարությունյան» դիվերսիոն ապատեղեկատվության ու դրա տարածման ժամանակ դաշտից բացակա էր, ու այդ արշավի իրենց համեստ կարողության սահմաններում դիմագրավում էին ակնարկվող կառույցի համապատասխան ստորաբաժանման նախկին աշխատակիցները իսկապես էլ լուրջ խնդիր է:
Մնացածը, իմ ընկալմամբ՝ էժանագինից էլ ցածրակարգ բեմադրության տպավորություն է թողնում, քանի դեռ քիչ թե շատ արժանահավատ ապացույցներ չեն ներկայացվում հանրությանը: Բեմադրություն, որը նախատեսված է բացառապես անուղեղ բիոմասսայի վրա ազդելու համար:
Հա, քիչ էր մնում մոռանայի. կառավարության շենքի աշտարակից երեք խնձոր ա ընկնում, մեկը՝ բլինչիկի մեջ, երկրորդը՝ կրծած, երրորդը՝ ԱԱԾ «ժուչոկով»:
Արմեն Հակոբյան
Այս նյութը դիտել են - 2164 անգամ