ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԴՊՐՈՑ ԿՀԻՄՆՎԻ. ԱՅՆ ԿԿՐԻ «ՄԵԼԳՈՆԵԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԱՆՈՒՆԸ
2019-12-25 17:38:00
ԱՄՆ Փասադենա քաղաքի միակ երկրորդական՝ «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանի փակման Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության որոշումից հետո տեղի հայ համայնքը կազմակերպեց ցույցեր, բարձրացրեց իր բողոքի ձայնը այս որոշման դեմ, դիմեց պատասխանատու մարմիններին ու անձանց, սակայն որևէ դրական արդյունքի չհասավ: 
Երբ, կարծես, բոլոր հնարավորություններն օգտագործված էին, վարժարանի սաների ծնողներն ու հայապահպանության գործին մի խումբ նվիրյալներ ստանձնեցին ոչնչից դպրոց հիմնելու առաջին հայացքից անհնար թվացող աշխատանքը:
Փակման որոշումից կարճ ժամանակ անց կարող ենք արձանագրել՝ 2020 թվականի օգոստոս ամսին Փասադենայում կբացվի «Մելգոնեան ավագ դպրոցը»:
Առանձնահատուկ պետք է նշել Մարո Յակուբյան-Նաջարյանի և Արսինե Շիրվանյանի ջանքերը, որոնց անմնացորդ հավատի ու նվիրումի շնորհիվ ամերիկահայ երեխաները կկարողանան չկտրվել իրենց արմատներից ու գնալ հայկական դպրոց: Եվ սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես պետք է լինեն իսկական հայ մայրերը, որոնք չնայած արդեն մի քանի դար զրկված են հայրենի հողում ապրելու հնարավորությունից, սակայն չեն մոռանում իրենց ինքնության մասին և ամեն ինչ անում են հայ մնալու համար:
Դպրոցի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ նորաբաց կայքում՝ https://www.melkonianhighschool.com/ հասցեով:
Հարգանքով՝
«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակ

 

 

Այս նյութը դիտել են - 15029 անգամ