Մենք միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի Նարեկ Մալյանը (դատական կարգով) պատասխանատվության կանչվի.Դանիել Իոաննիսյան
2019-11-28 13:41:00
Ինչպես երևի հիշում եք, օգոստոսին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ընդդեմ Նարեկ Մալյանի իմ հայցով (վիրավորանք հասցնելու համար) կիրառել էր հայցային վաղեմություն։ Դատավորը Նարեկ Մալյանի ընկեր Ռուբեն Մելիքյանի կին Աննա Փիլոսյանն էր։

Ես այն ժամանակ գրել ու հիմնավորել էի, որ դատավորի այդ որոշումն ակնհայտ ապօրինի է և անհիմն (հղումն առաջին մեկնաբանությունում)։
Օրերս վերաքննիչ դատարանն ըստ էության բավարարել է մեր բողոքը ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ քննության համար։
Վերաքննիչի կողմից օրենքի խախտման այս արձանագրումն ու բեկանումը, պրոպագանդիստ երիտասարդի կողմից ներկայացվում է որպես դատարանի վրա՝ Արդարադատության նախարարի ապօրինի ազդեցության արդյունք։
Թեև հասկանում եմ, որ Նարեկ Մալյանը Ռուստամ Բադասյանին իրականում թիրախավորում է Արդարադատության նախարարության նախաձեռնած հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ ռեֆորմների համար, սակայն այժմ իրավաբանիս հետ քննարկում ենք նախորդ իշխանությունների ակնհայտ աջակցությամբ գործող PRշիկի այս հայտարարությունը իրավապահներին ուղարկելու հարցը։ Ի վերջո լրջագույն հանցանքի (նախարարի կողմից դատարանի վրա ազդեցության) մասին է բարձրաձայնում։
Հ.Գ. Քանի որ գրառմամբ երիտասարդը իմ մասին նորից վիրավորական «սուտասան» արտահայտություն է թույլ տվել, մենք միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի դրա համար Նարեկ Մալյանը (դատական կարգով) պատասխանատվության կանչվի։
Հ.Հ.Գ. Քանի որ վերաքննիչը արձանագրել է Նարեկ Մալյանի ընկեր Ռուբեն Մելիքյանի կնոջ՝ Աննա Փիլոսյանի, կողմից օրենքի կոպիտ խախտումը, մենք դիմելու ենք ԲԴԽ դատավոր Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության կանչելու պահանջով։
Դանիել Իոաննիսյան
Այս նյութը դիտել են - 4619 անգամ