Եթե իմանամ ինչի համար են ձերբակալում, թող ձերբակալեն. Արթուր Վանեցյան. Տեսանյութ
2019-11-07 14:48:00
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Factor.am-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակին: Նա պնդել է, որ որևէ խախտում թույլ չի տվել:
Հիշեցնենք՝ երեկ, երբ հայտարարվեց, որ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է հավաքականի գլխավոր մարզիչ ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրեց, որ Արթուր Վանեցյանը ՀՖՖ կանոնադրությունն է խախտել՝ առանց գործկոմի հետ քննարկումների գլխավոր մարզիչ նշանակելով:
Արթուր Վանեցյանը նշեց, որ փոփոխված կանոնադրությամբ գլխավոր մարզիչ է նշանակում ՀՖՖ նախագահը, սակայն կառույցի աշխատակիցներից մեկի թերացմամբ փոփոխված փաստաթուղթը ԱՆ պետական ռեգիստրում չի գրանցվել: Իրավական բացը շտկելու համար այսօր ՀՖՖ գործկոմի արտակարգ նիստ է հրավիրվել, որպեսզի մարզչի նշանակումը լինի օրինական:
Երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում վարչապետի խորհրդականի գրառումը տարածել էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որոնք ՀՖՖ անդամներ են ու միաժամանակ քաղաքական թևի ներկայացուցիչներ:
Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցինք՝ այստեղ ինչ-որ մեսիջ տեսնո՞ւմ է: Օրինակ՝ ակնարկ, որ իշխանությունը չի ցանկանում իրեն տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում: «Եթե ընկնենք ծայրահեղությունների մեջ, այո՛, կարող ենք տեսնել մեսիջ, որովհետև այդ մարդիկ, որոնք հրապարակային դաշտում են այդ ամենը ներկայացրել, փորձել են չեղած հարցին մեծ աղմուկ հողորդել, կարող ենք և այդպես ենթադրել»,- ասաց նա: Արթուր Վանեցյանն այս պահին չի տեսնում որևէ պատճառ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալու համար: ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձավ նաև ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելուն:
Մամուլը գրում է, որ ստուգումները ներառում են հենց իր ղեկավարման ժամանակաշրջանը: Նրանից հետաքրքրվեցինք՝ վստա՞հ է, որ ՊՎԾ-ն լուրջ խախտումներ չի հայտնաբերի. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ աջակցել ցանկացած իրավապահ կառույցի՝ իմ հետ կապված ցանկացած տեղեկատվություն ստուգելու համար: Համոզված եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ-ում որևէ խախտում չի եղել: Ես որևէ խախտում չեմ իրականացրել, ծառայել եմ պատվով»: «Սիվիլնեթը» բացահայտել էր, որ հեղափոխությունից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) սեփականատերերի փոփոխություն է եղել: Այն ընկերություններից մեկը, որը ձեռք է բերել բաժնեմաս՝ նույն հասցեում գրանցված է մեկ այլ ընկերության հետ, որի սեփականատերերը Արթուր Վանեցյանի հորեղբոր տղաներն են:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է հաջողվել հեղափոխութունից հետո այս խոշոր ընկերությունում բաժնեմաս ձեռք բերել. «Ես և իմ ընտանիքի անդամները ԶՊՄԿ-ի սեփականատերեր չենք հանդիսանում… Ես չեմ կարող բոլոր Վանեցյանների անունից պատասխան տալ, ես կարող եմ հստակ ասել՝ ես, կինս, երեխաներս, հայրս և մայրս որևէ առնչություն չունենք կոմբինատի հետ: Ես նաև հերքում եմ հորեղբորս տղաների կապը ԶՊՄԿ-ի հետ, ես տեղյակ չեմ, որ նրանք այնտեղ ունեն մասնաբաժին»:
Արթուր Վանեցյանն անդրադարձավ իր հավանական ձերբակալությանը և նշեց, եթե իմանա՝ ինչու են ձերբակալում, ապա թող ձերբակալեն: Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո եղան տեսակետներ, որ նրա հայտնի հայտարարության «կանգ առ»-ի կոչն ուղղված էր կոռուպցիոն բացահայտումներին, այն է՝ կան մարդիկ որոնց չարաշահումներին չպետք է անդրադառնալ, որովհետև նա նրանց հետ համաձայնության է եկել: «Ես այն մարդը չեմ, որ կոռուպցիայի բացահայտմանը «կանգ առ» ասեմ»,- վստահեցրեց նա: Իսկ հարցին՝ գուցե կոչն ուղղված էր Նիկոլ Փաշինյանի՞ն, Վանեցյանը հրաժարվեց պատասխանել:
 Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Այս նյութը դիտել են - 5318 անգամ