ԸՍՏ Freedom House-ի 1998-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՆՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԻՆՉ 2018 ԹՎԱԿԱՆԻ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՀԵՏՈ
2019-11-06 09:34:00

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հղում կատարելով Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին հայտարարել է, որ համացանցի ազատության տեսակետից 2019 թվականին Հայաստանը մեծ առաջընթաց արձանագրելով բարձրացել է 8-րդ հորիզոնականի (նախորդ տարվա 13-րդի փոխարեն), բնականաբար դա համարելով «2018 թվականին՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, հեղափոխության արդյունքը»:

Սա առաջին անգամը չէ, որ միջազգային կազմակերպությունների զեկույցներից որոշ հատվածներ հրապարակելով Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն ցանկալի եզրակացություններ կատարել:
Դիմելով Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցներին ու համեմատելով Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, նաև «ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունից» հետո արձանագրված ազատության հիմնական ցուցանիշները, պարզվում է թե դրանք գրեթե նույնն են:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքում հասանելի են Հայաստանում ազատությունների հետ կապված 1999 թվականից մինչ այսօր արձանագրված ցուցանիշները: (https://freedomhouse.org/report/freedom-world/2018/armenia)
Ցուցանիշները վերաբերում են «Ազատության վարկանիշ» («ԱՎ»), «Քաղաքացիական ազատություններ» («ՔԱ») և «Քաղաքական իրավունքներ» («ՔԻ») ոլորտներին, որոնք գնահատվում են 1-ից 7 թվանշաններով (1=լավ, 7=վատ):
1998 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի սկզբում, Հայաստանում բոլոր երեք ոլորտները Freedom House-ի կողմից 4 է գնահատվել, ինչը նույնությամբ պահպանվել է մինչև 2005 թվականը երբ Հայաստանում «ԱՎ»-ն իջել է 4,5-ի, «ՔԻ»-ն՝ 5-ի, իսկ «ՔԱ» մնացել է նույն 4-ը: Նույն ցուցանիշներն անփոփոխ են մնացել մինչև 2008 թվականը: 2008 թվականին կապված մարտի 1-ի իրադարձությունների հետ Հայաստանում «ԱՎ»-ն իջել է ևս 0,5 նիշով (5), «ՔԱ»-ն մնացել է նույն 4-ը, իսկ «ՔԻ»-ն իջել է 6-ի: 2012 թվականից սկսած իրավիճակը սկսել է կրկին բարելավել: Հայաստանում «ԱՎ»-ն գնահատվել է 4,5, «ՔԻ»-ն՝ 5, իսկ «ՔԱ»-ն մնացել է նույն 4-ը: Հիշյալ ցուցանիշները նույնությամբ պահպանվել են մինչև 2017 թվականի ավարտը:
2019 թվականի տարեկան զեկույցում, որտեղ ներկայացված են 2018 թվականի «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, հեղափոխության» արդյունքում գրանցված առաջընթացի տվյալները, Հայաստանում հիշյալ երեք գլխավոր ոլորտները գնահատվել են 4 թվանշանով: Դա նույն գնահատականն է ինչ 1998-ից 2005 թվականների ընթացքում՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, տրվել է հիշյալ ոլորտներին:
Կարելի է եզրակացնել, որ հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի մատնանշած Freedom House-ի տարեկան զեկույցները Հայաստանում 2018 թվականի «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, հեղափոխության» արդյունքում ազատության տեսակետից ընդամենը վերականգնվել են Ռոբերտ Քոչարյանի ժամանակ արդեն իսկ նվաճված համեմատաբար բարձր ցուցանիշները:

Ռոբերտ Մարգարյան

Այս նյութը դիտել են - 3479 անգամ