ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից միաժամանակ երկու անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու մասին հրապարակմանը դատախազությունն առայժմ ընթացք չի տվել Pastinfo
2019-11-04 13:33:00
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից միաժամանակ երկու անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու մասին հրապարակմանը դատախազությունն առայժմ ընթացք չի տվել։
«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ այդ հրապարակումները ֆիքսել ենք մոնիթորինգի արդյունքում»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ կկատարվեն դիտարկումներ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաեւ ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որևէ փաստաթուղթ, ինչը «Փաստինֆո»-ն պարզել էր ՀՀ նախագահի աշխատակազմ կատարած հարցման արդյունքում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝
«Փաստինֆո»-ն գրավոր դիմել էր նախագահի աշխատակազմին՝ խնդրելով տեղեկացնել, թե երբ է Արարատ Միրզոյանն ազատվել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։
Հիշեցնենք, որ նա գործադիրում բարձր պաշտոն էր ստացել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ՀՀ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը։ Ա.Միրզոյանի նշանակման հրամանագիրն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 11-ին, իսկ նույն տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ընտրվել է պատգամավոր, ապա՝ ԱԺ նախագահ։
«ՀՀ նախագահն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետի պաշտոնից ազատելու վերաբերյալ կառավարությունից առաջարկություն չի ստացել, հետևաբար չի ընդունվել նախագահի համապատասխան հրամանագիրը»,- նշված էր ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված գրավոր պատասխանում ։
Այս նյութը դիտել են - 12107 անգամ